Հայ ժողովուրդը վաղուց էր սրբացրել Ցեղասպանության նահատակներին, եկեղեցին դա ճանաչեց. Բագրատ Սրբազան

Հայ ժողովուրդը վաղուց էր սրբացրել Ցեղասպանության նահատակներին, եկեղեցին դա ճանաչեց. Բագրատ Սրբազան

 Աստվածն է սրբացնողը, եկեղեցին ճանաչում է մարդկանց սխրանքը, իսկ ժողովուրդը վկայողն է: Սրանք Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքերն են, որը նա հնչեցրեց «Սրբադասում. իսկ ո՞ւմ համար» խորագրով քննարկման ժամանակ: Մի քանի ամիս է, ինչ Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության նահատակներին: «Ինչ է սա փոխում մեր կյանքում»` այս հիմնական հարցին պիտի պատասխաներ քննարկումը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանը:

Որպես հոգևորականի` Բագրատ Սրբազանի համար անձամբ Սրբադասումը պատմական կարևոր իրադարձություն էր, երբ ավելի քան 600 տարվա դադարից հետո Հայ առաքելական եկեղեցին վերականգնեց այն կարգը, որին կոչված է: «Երկրորդ հերթին` մինչև այժմ մենք ապրել ենք զոհի հոգեբանությամբ, զովածի հոգեբանությունը խոցել է մեզ ու դարձել ենք նահատակների հիշատակի առջև աղերսող, քան դա օգտագործել ենք կարևոր զենք աշխարհի հետ հարաբերությունների համար: Այն զոհի կերպարից ազատվելու միակ ձևն էր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Բագրատ Սրբազանը:

Ազգագրագետ Հարություն Մարությանը նախ ներկաներին տեղեկացրեց, որ մկրտված է Հայ առաքելական եկեղեցում ու այդ արժեքների կրողն է, այնուհետև անդրադարձավ Սրբադասմանը` մշակութային դիտանկյունից: Նրա խոսքով, եթե կիրառվում է «Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասում» տերմինը, նշանակում է այդ տարիներին մարդկանց սպանել են քրիստոնյա լինելու համար, ինչը, ըստ Մարությանի, այնքան էլ այդպես չի եղել: «Ցեղասպանոթյան ժամանակ այդպես չի եղել, նրանք մինչ վերջին ժամը չեն իմացել, թե ինչու են կոտորվել: Նրանց կոտորել են հայ լինելու համար, ոչ քրիստոնյա»,-նկատեց ազգագրագետը: Նրա դիտարկմամբ, այն ժամանակ, երբ մարդկանց բռնի ստիպում էին հավատափոխ լինել, մարդիկ հրաժարվում էին ու մահանում ոչ միայն Քրիստոսին չդավաճանելու, այլև հայկական բարքերից չհրաժարվելու համար: «Քրիստոնեությունն ընդամենը մեկ գործոն էր, որ հետ էր պահում կրոնափոխությունից»,-նշեց ազգագրագետը:

Այս դիտարկումներին Բագրատ Սրբազանն ուներ իր պատասխանները: Մասնավորապես, Սրբազանի խոսքով, թուրքերի կողմից Ցեղասպանությունն իրականացնելիս քրիստոնեությունը ոչ թե սոսկ բաղադրիչ էր, այլ կարևոր բաղադրիչ, քանզի երբ թուրքերը խոսում էին հայերի մասին, ասում էին «գյավուրներ»(անհավատներ), այսինքն` կրոնական ասպեկտն էին շեշտադրում: Սրբազանը շեշտեց հանգամանքը, որ եկեղեցին Սրբադասման կարգը հաստատելիս որպես ժամանակահատված ընտրել է 1915-1923թթ., բայց ցանկություն ունի հետագայում քննել նաև այն անձանց սրբադասելու հարցը, ովքեր, վայրագությունների ականատեսը լինելով, հոգեկան տրավմայի են ենթարկվել, խելագարվել են:

Բագրատ Սրբազանի խոսքով, սրբադասումն առաջին հերթին ուղղված էր ներքին լսարանին` հայ ժողովրդին, ով արդեն իր ենթագիտակցության մեջ սրբացրել էր Հայոց ցեղասպանության նահատակներին: «Ես չեմ պատկերացնում մի ընտանիք, որտեղ եղել են ցեղասպանության զոհ դարձած կամ այն վերապրած տատիկ-պապիկներ ու սրբացված չլինեն: Ուզենք, թե չուզենք, դա փաստ է: Ժողովրդի ենթագիտակցության մեջ արդեն այդ մարդիկ սրբեր էին: Եկեղեցին զուտ վավերացրել է դա, բայց մենք հատիկ-հատիկ չեն սրբադասել, այլ հավաքական կերպով»,-ավելացրեց հոգևորականը:

Քննարկումն անցկացվեց Ծիրանի Մշակութային Հանգույցի և Մեդիամաքս մեդիա-ընկերության նախաձեռնած «Կարմիր թել» հանդիպումներ շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում