Բունդեսթագը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց Գերմանիան Թուրքիային հաշտեցման է մղում (տեսանյութ)
Նմանատիպ
Գերմանիայի Բունդեսթագը դեռ բանաձևի տեսքով չի ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը՝ գործընթացն ինչ-ինչ ճնշումների ներքո ձգձգելով, բայց թուրքական կողմին հաշտեցման մղելու փորձեր են արվում: Ավելի կոնկրետ՝ Գերմանիայի կառավարությունը Թուրքիայում գործող «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության հետ միասին նախաձեռնել է «Գործելով միասին» վերտառությամբ հայ-թուրքական հաշտեցման ծրագիր, որի իրագործման համար 850.000 եվրո է նախատեսված:
Ծրագրի գործընկերներն են Հայաստանից «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը (ղեկավար Հրանուշ Խառատյան), Թուրքիայից Պատմության հիմնադրամը: Երկու կողմից ծրագրի շրջանակում ճանապարհորդության և նյութերի, պատմությունների հավաքագրման համար ընտրվել է 10-ական երիտասարդ: Ճանապարհորդությունը սկսել է սեպտեմբերի 13-ին՝ ՀՀ-ից, Թուրքիայի հատվածում այն տեղի է ունենալու հաջորդ տարի՝ կապված այնտեղ ծավալվող իրադարձությունների հետ: Ծրագիրը բաղկացած է 5 բաղադրիչից, որից մեկը աճող արխիվի գաղափարն է:
«Երկու գրողներ անցնում են մեզ հետ ամբողջ ճանապարհն ու անում օրագրային նոթեր, որոնք դառնալու են գիրք»,-ասաց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մաթիաս Քլինգենբերգը:
Իր հերթին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը նկատեց, թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միայն դիվանագատիական ջանքերը բավական չեն:
Այստեղ դեսպանին լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ անհասկանալի է, որ Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, բայց կառավարությունը փորձում է Թուրքիային հաշտեցման մղել, ինչին ի պատասխան Մաթիաս Քիեսլերը նշեց.
«Այս աշնանը հնարավոր է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկում լինի Բունդեսթագում, բայց չեմ կարող նշել կոնկրետ ժամկետ»:
Դեսպանը հիշեցրեց Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթի ելույթները։
Իր հերթին թուրք գործիչ Այշե Օքթամը հույս հայտնեց, որ Գերմանիան կընդունի Հայոց ցեղասպանությունը և, որ Թուրքիան էլ սրան կգնա ներքին ճնշման արդյունքում:
Հավելենք, որ Բունդեսթագի` ապրիլի 24-ի լիագումար նիստում որոշվեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանն ուղարկել 1915թ. Հայոց մեծ եղեռնը Ցեղասպանություն որակող բանաձևերի նախագծերը: Ապրիլի 24-ին Բուդեսթագի նիստում հնչեց 9 ելույթ, որոնցից 7-ում պատգամավորները Ցեղասպանություն էին անվանում 20-րդ դարասկբին Օսմանյան Թուրքիայի կողմերից հայերի, հույների եւ ասորիների բնաջնջումը:
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն այս տարի առաջին անգամ 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության համար նախապես տարածված ելույթում:
«Գերմանացիներս միասնական պետք է աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք, ուստի կրում ենք համապատասխանատվություն»,-ասել է Գաուկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում