Էդ.Շարմազանով. «Ադրբեջանցիներին մնում է դուրս գալ Արցախի օկուպացված որոշ տարածքներից և համակերպվել ԼՂՀ անկախության հետ»

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Հարգելի խորհրդարան,

Քաղաքական վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են բարեփոխումների համապարփակ ծրագրերի մշակմանը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ավելի արդյունավետ կառավարման համակարգի:

Այն, որ Հայաստանը ժողովրդավարական քաղաքակրթության անբաժանելի մասն է, եւս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ համաժողովին, որտեղ նշեց.

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ»:

Այս խոսքերն ապացույցն են այն բանի, որ իշխանությունների համար ամենաէականը ոչ թե ամեն գնով վերարտադրվելն է, ինչպես անարդարացիորեն նշում են ոմանք, այլ ինչպես կասեր 20-րդ դարի մեծագույն գործիչներից մեկը’ Ուինսթոն Չերչիլը.
«Մտածել ոչ միայն ընտրություններում հաղթելու, այլեւ քայլեր ձեռնարկելու սերունդների բարեկեցության ուղղությամբ»:

Հարգելի պատգամավորներ,

Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությանը զուգահեռ շատ կարեւոր է մեր պետության ազգային անվտանգության համակարգի ամրապնդումը: Այդ իմաստով առանցքային դրական նշանակություն ունի Հայաստանի եւ Արցախի նախագահների գլխավորությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժությունների անցկացումը, որը եւս մեկ անգամ վերահաստատում է հայ սպայի եւ զինվորի մարտական բարձր ոգու եւ պատրաստվածության մասին: Զորավարժությունների անցկացման վերաբերյալ ադրբեջանցիների հերթական հերթապահ հայտարարությունը չուշացավ, համաձայն որի՝ «իրենք մոտ ապագայում կազատագրեն իրենց հողերը»:

Այստեղ ակամայից հիշեցի արեւելյան հայտնի ասացվածքը. «Հալվա ասելով’ բերանդ չի քաղցրանա»: Ադրբեջանցիներին պարզապես մնում է դուրս գալ Արցախի հանրապետութան օկուպացված որոշ տարածքներից եւ ուշ թե շուտ համակերպվել ԼՂՀ անկախության եւ միջազգային ճանաչման հետ:

Շնորհակալություն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում