Խորհրդարանում քննարկվել են հանրակրթության ոլորտում առաջարկվող փոփոխությունները
Նմանատիպ
Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի նիստում եզրափակեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 2011 թ. գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին ներկայացրեց կառավարության հեղինակած’ «Հանրակրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հանրակրթության ոլորտի կառավարման եւ կազմակերպման արդյունավետությունը մեծացնելու, առկա խնդիրներին համակարգված լուծում տալու նպատակով գործադիրը նախատեսում է կիրառել միասնական քաղաքականություն: Մասնավորապես վերանայվել են «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքի որոշ սկբունքներ եւ, արտացոլելով դրանք «Հանրակրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում’ ստեղծվել է միջազգային կոնվենցիաներին ու չափանիշերին հանապատասխան օրենսդրական դաշտ: Արդյունքում, նախարարի ներկայացմամբ, երեխաները կունենան կրթության հավասար հնարավորություններ’ անկախ անհատական տարբերություններից կամ հաշմանդամությունից, ինչը բխում է նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայից:
Փաթեթով կատարված այլ փոփոխություններով ոչ պետական դպրոցների տնօրենները կարող են մասնակցել պետական դպրոցների տնօրենների համար նախատեսված հավաստագրման գործընթացին: Հստակեցվել է նաեւ ոչ մասնագիտական կրթությամբ ուսուցիչների աշխատանքը. ուսուցիչ կարող է աշխատել վերջին տասը տարիներին առնվազն հինգ տարի կոնկրետ առարկա դասավանդած’ բարձրագույն կրթություն ունեցող անձը:
«Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելով’ կառավարությունը նպատակ ունի օրենսդրորեն ամրագրել տարրական դասարանների աշակերտներին ամբողջությամբ անվճար դասագրքերով ապահովելու նորմը. ներկայում օտար լեզվի եւ երաժշտության անվճար գրքեր տրամադրվում են միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա կարեւորեց հանրակրթության ոլորտում առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես համընդհանուր ներառման գաղափարը, ֆիզիկական համապատասխան միջավայրի ստեղծումը, կրթության կազմակերպան ու սոցիալական կարիքները բավարարելու նպատակադրումը, ուսուցման անհատականացումը, կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչի դերի մեծացումը, եռաստիճան գնահատման կենտրոնների ներդրումը: Ռուզաննա Մուրադյանը, կարեւորելով ուսուցչի օգնականի ինստիտուտի գաղափարը, նկատեց, որ դեռեւս սահմանված չեն օգնականի պարտականությունները: Ըստ նրա՝ պետք է վերանայել նաեւ ուսուցիչների վերապատրաստմանն առնչվող խնդիրները:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ տեղեկացնելով, որ օրենքով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը 2013թ. համար սահմանել 35000 դրամ: Նախատեսվող նվազագույն աշխատավարձի բարձրացման համար հիմք է ընդունվել 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: ՀՀ կառավարության 2012թ. հունիսի 18-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրով նախատեսվում է նշված ժամանակաշրջանում նվազագույն աշխատավարձը առնվազն կրկնապատկել:
Հիմնական զեկուցողը պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նվազագույն աշխատավարձի եւ նվազագույն զամյուղի հարաբերակցությանը, նվազագույն աշխատավարձի հարկման սկզբունքին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հարցին, թե 2013 թ. համար նախատեսված նվազագույն աշխատավարձը՝ 35000 դրամը, փաստացի՞ աշխատավարձն է, ՀՀ ֆինանսների նախարարը հաստատեց, որ դա փաստացի աշխատավարձն է, այսինքն՝ այն հարկման ենթակա չէ: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց օրենքում այս հարցի հստակեցումն ու իրազեկումը, որպեսզի գործատուներն իրենց աշխատողների նվազագույն աշխատավարձից անօրինական հարկումներ չկատարեն:
Գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացնելով՝ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ եթե օրենքից հանվեր եկամտահարկի մասին դրույթը, կարձանագրվեր նվազագույն անվանական աշխատավարձի չափը, որը մոտ 46 հազար դրամ է, բայց դա կլիներ որդեգրած քաղաքականության ու կարգի խախտում. հենց այդ 46 հազար դրամից են հանվում համապատասխան հարկերը եւ մնում է փաստացի աշխատավարձը՝ 35000 հազար դրամը:
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստում:
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ երեքշաբթի օրվա վերջին նիստում՝ ժամը 17.00-ից սկսած, ԱԺ պատգամավորները հանդես եկան մինչեւ 3 րոպե նախատեսվող հայտարարություններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում