ԼՂՀ իշխանությունները կբանակցեն միայն Արցախի ժողովրդի կողմից ընդունված տարբերակի շուրջ. ԼՂՀ վարչապետ (տեսանյութ)

ԼՂՀ իշխանությունները կբանակցեն միայն  Արցախի ժողովրդի կողմից  ընդունված տարբերակի  շուրջ. ԼՂՀ վարչապետ  (տեսանյութ)

Արցախում ևս Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում, ինչը հորդորում են չկապել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների հետ:  Այս մասին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ի պատասխան Times.am-ի հարցադրմանը: Արտաքին քաղաքական  հարթությունում  ԼՂՀ վարչապետը նաև  շեշտել է, որ ԼՂ-ի խնդրի շուրջ բանակցություններ այսօր  գոյություն չունեն, այն, ինչ կա՝ հանդիպումներ են:

–ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների են գնում՝ նախագահականից անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգի: Արդեն լուրեր են շրջանառվում,  որ  Արցախում ևս այս ուղղությամբ սկսել են մտածել և նույնիսկ ինչ-ինչ քայլեր կատարել: Ի՞նչ է տալու կառավարման համակարգի փոփոխությունն Արցախին, որն այսօր հնարավոր չէ ունենալ:

-Ես չեմ ուզում դա  կապել ՀՀ-ում տեղի ունեցող պրոցեսների հետ: Միանշանակ  կարող եմ ասել, որ լինելով կուսակցության ղեկավար, մեր հանդիպումներում բազմաթիվ անգամներ նշել եմ, որ կա Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն:

Այդ բարեփոխումների միջոցով պետք է փորձել  օպտիմալացնել ընդհանուր պետական համակարգը, կառավարման ինստիտուտները, ՏԻՄ-ում պետք են որոշ հստակություններ: Այսինքն՝ մենք ունենք մեր տեսակետը, չեմ ուզում մանրամասներ բացել, տարբեր գաղափարներ կան: Հիմնական նպատակը՝ թեթևացնել պետական կառավարման ինստիտուտը, առավել արդյունավետ դարձնել աշխատանքը, ինչպես նաև որոշ փոփոխություններ մտցնելով  ունենալ առավել արդյունավետ ՏԻՄ: Այո, անհրաժեշտություն տեսնում ենք, և մի քանի անգամ ոչ պաշտոնական խոսակցություններ են ունեցել  երկրի  քաղաքական ուժերի, դրանց ղեկավարների, ակտիվիստների հետ: ԼՂՀ նախագահի հետ ենք ունեցել զրույց, լուրջ քննարկում  և համոզված եմ, որ  առաջիկայում  այդ  զրույցները  քննարկման նյութ կդարձնենք՝ առանց շտապելու և  լայն   հասարակությանը   մասնակից   դարձնելով  այդ պրոցեսներին:

-Հայաստանի Հանրապետությունը  ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է,  այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման  բանակցություններում ՀՀ-ն է ներկայացնում    հայկական   երկրորդ պետության    շահերը, ըստ այդմ՝ ուզենք թե չուզենք   Արցախի համար միևնույն   չպետք է լինի տեղի  ներքաղաքական հեռանկարները,  զարգացումները, ասել կուզի՝  եթե  հանկարծ ՀՀ երկրորդ նախագահը, այնուամենայնիվ, վերադառնա,  ով  ԼՂՀ-ին   դուրս մղեց  բանակցություններից, Արցախում   ողջունողները   շա՞տ կլինեն, թե՞…

-Ես միշտ ասել եմ և այսօր էլ ասում եմ՝  չկան բանակցություններ,  կան  հանդիպումներ: Կան  տարբեր ձևաչափերով հանդիպումներ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարության  միջև: Բանակցությունը կլինի, երբ Ղարաբաղը կմասնակցի. առանց Ղարաբաղի բանակցություններ   վարելն   անիմաստ է, վերջին խոսքը  Ղարաբաղինն է:

Ինչ վերաբերում է  անվտանգության երաշխավոր լինելուն,   այո,  ՀՀ գործող նախագահը տարբեր ատյաններից հայտարարել է, որ ՀՀ-ն Արցախի երաշխավորն է,  և որ պատասխանատվություն են ստանձնել, այս առաքելությունը մինչ օրս պատվով են կատարել:  Ինչ   վերաբերում է  երկրորդ նախագահի ասպարեզում   հայտնվելուն, դա ՀՀ քաղաքացիների  գործն է,  ընտրական իրավունքը և նաև ՀՀ երկրորդ նախագահի:

Մենք ողջունում ենք ցանկացած քաղաքական պրոցես ՀՀ-ում, հիմա սահմանադրական բարեփոխումներ են սպասվում, դրանից հետո կտեսնենք ինչ նոր զարգացումներ են տեղի   ունենում  ՀՀ-ում:

-Ի դեպ, արցախյան միջոցառումներին  ԼՂՀ երկրորդ նախագահը  բավականին ակտիվ մասնակցություն է ունենում, գուցե   նաև նա վերադառնա՞:

-Ցանկացած պաշտոնաթող նախագահ միշտ էլ լինում է  քաղաքականության մեջ: Ինչ վերաբերում է իշխանության վերադառնալուն, ապա սա ցանկացած քաղաքացու սահմանադրական  իրավունքն է  և այստեղ խնդիր  չենք տեսնում: Իսկ միջոցառումներին հաճախակի երևալը  Արկադի Ղուկասյանը ճիշտ պահվածքն է:  Սա կարելի է միայն ողջունել,  ոչ թե հետին մտքեր տեսնել: Ցանկացած քաղաքացի և  մանավանդ  պաշտոնաթող նախագահ  չպետք է անտարբեր լինի իր հայրենիքում տեղի ունեցող պրոցեսների մասով:  Ցանկալի է մասնակցությունը նման միջոցառումներին, որը կատարվում  է:

-Օրերս Լարիսա Ալավերդյանն ինձ հետ զրույցում նկատեց. «Ինչպես կան արտահայտություններ՝ սպասում ենք միջազգային հանրությունը հասկանա, որ խնդրի լուծման բանալին ԼՂՀ-ում է, նույն իմաստությունն էլ Արցախն ունի. սպասում են, որ ՀՀ-ի իշխանությունները հրաժարվեն ոչ արդյունավետ բանաձևերից, ավելի արդյունավետ բանաձևեր ՀՀ-ն պիտի գտնի»:  Կա՞ նման սպասում, ի վերջո, դուք ինքներդ էլ մի առցանց ասուլիսներից մեկի ժամանակ  մեր հարցին ի պատասխան  ասացիք, որ   չեք բանակցի   մադրիդյան  սկզբունքների  շուրջ:

-Արցախյան հարցի բանալին Արցախում է,  ցանկացած հանդիպում, տարբերակ պետք է հաստատվի Արցախի բնակչության կողմից: Սա ասել են   Արցախի իշխանավորները բոլոր  ժամանակներում: Ցանկացած տարբերակ պետք է ընդունվի Արցախի ժողովրդի կողմից և նոր միայն  իշխանություններն այդ թեմայով կարող են բանակցություններ վարել:

-Վերջերս Դուք եղաք ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում,  ի՞նչն առաջինը գրավեց   ձեր ուշադրությունը՝ սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային: Եվ չե՞ք կարծում, որ նման այցերը պետք է շատ լինեն, որպեսզի Արցախում էլ թանկ լինի Տավուշի կամ մեկ այլ հատվածի սահմանները, ինչպես թանկ են Արցախի հատվածներն  այնտեղ: Ի վերջո, գոյություն ունի մեկ երկիր՝ Հայաստան և դրանում նաև  Արցախը:

-Արցախցիներն այսօր չպետք է ապացուցեն, որ հայրենիքի ցանկացած տեղում վտանգի դեպքում պատրաստ են իրենց մասնակցությունը բերել այնպես,  ինչպես Սարդարապատի  ժամանակ,  պատերազմի ժամանակ էլ շատ արցախցիներ իրենց մասնակցություն են նաև ՀՀ-ի սահմանների պաշտպանությանը: Սա հերթական քայլն է, այո, համարում ենք, որ նման քայլ, պետք է հաճախակի կատարել՝ ցույց տալու  մեր միասնությունը, հակառակորդին ապացուցելու, որ զենքի ձեռքբերման հետ կապված հաճախ հնչող հայտարարություններն Արցախի կամքի վրա որևէ ազդեցություն չեն թողել:

Ես  նկատել եմ, որ ՀՀ-ի կառավարությունն  ուշադրությոան կենտրոնում է պահում  սահմանամերձ գոտիները   ճանապարհների, ենթակառուցվածքների առումով, ինչպես նաև դպրոցների,  համայնքային կենտրոնների:  Իհարկե,   կան դեռ   չլուծված խնդիրներ, բայց   նկատել եմ, որ շատ պետական ծրագրերում մեծ տեղ են գրավել  սահմանամերձ գոտիները: Վերջերս   խոսվում է տարբեր արտոնությունների մասին՝ հարկային և այլն: Սա միայն   կարելի  է ողջունել:

-Արցախում էլ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումից սպասելիքներ ունեին, դուք հիասթափված  չե՞ք՝ հաշվի առնելով, որ սպասելիքները չեն արդարացվել մինչ այս պահը:

-Իհարկե հիասթափված  չեմ, որովհետ  մեծ սպասումներ չենք  ունեցել,  միայն  հեշտացել է միության երկրների հետ  առևտրաշրջանառությունը՝ շատ հեշտ, շատ նորմալ պայմաններով: Այլ թեմա է ՌԴ-ի տնտեսական վիճակը, որն իր ազդեցությունն է ունեցել ՀՀ-ի տնտեսության վրա, ինչպես  նաև Արցախի: Այո, մեր արտահանողները, որ հիմնականում ՌԴ էին արտահանում, ռուբլի-դոլար փոխարժեքի  տատանումների հետ կապված վնասներ են կրում, այսինքն՝ ակնկալվող շահույթը չի ապահովվում: Սա այլ թեմա է, այստեղ պետք է գործիքներ կիրառենք, բայց այն, որ այդ միությունից մենք չենք հիասթափվել, հակառակը՝ ծրագրեր  ունենք համագործակցելու և օգտվելու այդ շուկայից: Տնտեսական իրավիճակը  ոչ թե միության հետ է կապված, այլ ՌԴ-ի և նավթ արտադրող երկրների տնտեսական վիճակով է պայմանավորված՝  նավթի, պղնձի գների անկում, որը  միության ձևավորման հետ որևէ առնչություն չունի: Պետք է օգտվենք ստեղծված հնարավորությունից   և տարիների ընթացքում տեսնելու ենք  դրա դրական ազդեցությունը: Ես հաճախակի եմ նշել՝   եթե կան խնդիրներ,  դրանք պետք է լուծել առաջին հերթին  օգնելով   մեր   տնտեսվարողներին:

-Եվ վերջում՝ ի՞նչ է փոխել ԼՂՀ խորհրդարանում  ընդդիմադիր նոր ուժերի ներկայությունը:

-Վաղ է դեռ խոսել նոր ընդդիմադիր ուժի մասին, քանի որ մայիսին է եղել ընտրությունը, հետո պասիվ ամառային ժամանակաշրջան: Մենք ողջունել ենք  այդ ուժին՝ փորձառու նախկին զինվորականներով, գործիչներով, մտավորականներով  համալրված,  միայն կարելի է ողջունել: Համոզված եմ, որ արդյունավետ աշխատանք են իրականացնելու պառլամենտում:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում