«Առավոտ». «Ցեղասպանություն» բառը. խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Երկու շաբաթ հետո Միացյալ Նահանգներում անցկացվելիք նախագահական ընտրությունները, որքան հասկանում եմ, հայերի մեծ մասի համար հետաքրքիր են այնքանով, որքանով Օբաման կամ Ռոմնին ապրիլի 24-ին կարտասանեն կամ չեն արտասանի «ցեղասպանություն» բառը: Հակված եմ մտածելու, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը այս բառը չեն ասի: Բայց եթե նույնիսկ ասեն, ապա դա հաստատ չի նշանակի, որ ԱՄՆ նախագահը շատ է սիրում հայերին կամ նրա ուշքը գնում է «պատմական արդարության» համար: Դա պարզապես կնշանակի, որ իրենց պետության և Թուրքիայի միջև լուրջ խնդիր է առաջացել, և «ցեղասպանություն» բառը, ինչպես նաև «հայկական հարցն» ընդհանրապես այդ խաղում գործիքներից մեկի դերն է խաղում: Առնվազն 150 տարի այդպես էր, ինչո՞ւ այդպես չպիտի լինի հիմա:
Այն, որ «արտասանել-չարտասանելու» հարցը մեր քաղաքական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնում, իր հերթին խոսում է այն մասին, որ հայկական քաղաքական միտքը նույն 150 տարվա ընթացքում ընկած է հուզականության և ռոմանտիզմի գիրկը, և սակավ բացառությունները միայն հաստատում են այդ օրինաչափությունը: Իրականում մեր’ հայաստանցիներիս և, հավանաբար, նաև մնացած հայերի առօրյա կյանքը «ցեղասպանություն» բառից չի կախված’ ով էլ այն արտասանի: Բայց ասել, թե մեզ համար բացարձակապես միևնույն է, թե ով է դառնալու ԱՄՆ նախագահ, նույնպես սխալ կլինի: Մասնավորապես, զարգացումները մեր տարածաշրջանում և այդ թվում Հայաստանի ներսում կախված են Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններից: Իսկ այստեղ Օբամայի և Ռոմնիի տեսակետները տարբեր են’ հանրապետական թեկնածուն այս հարցում շատ ավելի կարծր դիրքորոշում ունի: Վկան’ արտաքին քաղաքականության վերաբերյալ վերջին բանավեճը, որտեղ Մասաչուսեթսի նախկին նահանգապետը նշեց, որ Ռուսաստանն իր երկրի աշխարհաքաղաքական հակառակորդն է: «Ես վարդագույն աչքերով չեմ նայի Ռուսաստանին կամ պարոն Պուտինին: Եվ հաստատ չեմ ասի, որ ընտրություններից հետո կկարողանամ ցուցաբերել ավելի մեծ ճկունություն: Ընտրություններից հետո նա կստանա առավել կարծրություն»,- հայտարարել է Ռոմնին: Դրան Օբաման իրավացիորեն հակադարձել է, որ նման մոտեցումն, ըստ էության, վերադարձ է 80-ական թվականների քաղաքականությանը:
Ինձ թվում է’ ակնհայտ է. որբան սրված են երկու գերտերությունների հարաբերությունները, այնքան վատ մեզ համար’ որովհետև այնքան շատ են Հարավային Կովկասի փոքր երկրներին փորձելու «քաշքշել» այս կամ այն կողմը: Հետևաբար, մեզ, կարծում եմ, ձեռնտու կլինի, որ Օբաման վերընտրվի:
Ոմանց, հավանաբար, կարող է ոգևորել այն, որ Ռոմնին ավելի ուժգին է քննադատելու պուտինյան հակաժողովրդավարական ռեժիմը: Բայց ո՞վ ասաց, որ այդ քննադատությունն անկեղծ է: Սաուդյան Արաբիայում ավելի վատ ռեժիմ է, բայց ես չեմ լսել, որ ԱՄՆ որևէ նախագահ այն քննադատի»: