Էդ.Նալբանդյան. Հույս ունեմ, որ Մեքսիկայի նորընտիր խորհրդարանը գործուն քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ

Հոկտեմբերի 23-ին Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերային, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին պարոն Վիերան նշեց, որ Մեքսիկայի խորհրդարանը ցանկանում է իր նպաստը բերել հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաև կոպտորեն հակասում է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Նախարարի բնորոշմամբ նման քայլերը վնաս են հասցնում միջազգային հանրության կողմից հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին, վտանգում են տարածաշրջանային կայունությունը:

Մեքսիկայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն ասաց, որ տեղյակ է վերոհիշյալ հայտարարության բացասական հետևանքների մասին, պարզաբանումներ տվեց այդ կապակցությամբ և ընդգծեց, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատը միանշանակ սատարում է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին և խորհրդարանին այլ դիրքորոշման վերագրման փորձերը չեն համապատասխանում իրականությանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Մեքսիկայի խորհրդարանի կողմից ինքնորոշման իրավունքի սկզբունքին միանշանակ սատարելու, ինչպես նաև Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում ստացված հավաստիացումների կապակցությամբ առ այն, որ պաշտոնական Մեխիկոն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Մեքսիկայի նորընտիր խորհրդարանը գործուն քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տեղեկացրեց ՀՀ ԱԺ-ում Մեքսիկայի Սենատի և Պատգամավորների պալատի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին և փոխանցեց Սենատի և Պատգամավորների պալատի ղեկավարներին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձները:

Ֆրանցիսկո Արոյո Վիերան ասաց, որ Պատգամավորների պալատում ևս շուտով ձեռնամուխ կլինեն Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ձևավորմանը, ինչն անկասկած փոխգործակցության կարևոր ձևաչափ կդառնա:

Մեխիկոյում ԱԳ նախարարը հանդիպեց նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Մեխիկոյում ունեցած հանդիպումների արդյունքները, պատասխանեց նրանց բազմաթիվ հարցերին:

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Մեքսիկա լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից: Մեքսիկայի մամուլը բազմաթիվ հրապարակումներով անդրադարձավ Ադրբեջանի նախկին նախագահի և այսպես կոչված Խոջալուի հուշարձանների տեղադրումից հետո ստեղծված իրավիճակին՝ որակելով այն որպես հարված Մեքսիկայի ժողովրդի արժանապատվությանը:

Մեքսիկայի արտգործնախարարությունից Հայաստանի ԱԳՆ ղեկավարին տեղեկացրեցին, որ հանրային կարծիքի խիստ դժգոհության հետևանքով Մեխիկոյի քաղաքապետարանը որոշում է կայացրել հատուկ հանձնաժողով ստեղծել՝ ադրբեջանական հուշարձանների ճակատագիրը որոշելու նպատակով:

Ավարտելով այցելությունը Մեքսիկա՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Գվատեմալա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում