Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն ընդունեց, որ իր խմբակցությունը պառակտված է. Գ. Մելիքյան

Նմանատիպ
Անկախացումից 4 տարի հետո՝ 1995-ին, ունեցանք անձնակենտրոն Սահմանադրություն, որից ելնելով 2005-ին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ: Այս անգամ, իհարկե, պառլամենտարիզմի ճանապարհին լուրջ քայլեր արվեցին, բայց բավարար մարդակենտրոնություն դարձյալ չապահովվեց:
Ըստ այդմ՝ մի քանի տարի առաջ դարձյալ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն նկատվեց՝ կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցմամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ակնարկեց ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ ՀՀ նախագահի հետ քաղաքական ուժերի հանդիպումները վկայում են քաղաքական կոնսոլիդացիայի առկայության մասին: Պատգամավորն այստեղ հիշեցրեց, որ ԱԺ-ում և դրանից դուրս սահմանադրական փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկումներին մասնակցեցին նույնիսկ այն ուժերը, որոնք հայտարարում էին, թե չեն մասնակցելու: Ավելին՝ նրանք նույնիսկ առաջարկություններով հանդես եկան, որոնցից մի մասը մասնագիտական հանձնաժողովն ընդունեց կամ համապատասխան խոստում տվեց: Օրինակ՝ ՀԱԿ-ի առաջարկը ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ ժամկետի առումով:
Գագիկ Մելիքյանը նաև փաստեց՝ ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին ոչ բոլոր ուժերի ներսում էր, որ միանշանակ դեմ էին արտահայտվում Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Խոսքը և ՀԱԿ, և «Ժառանգություն» խմբակցությունների մասին է:
«ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն ընդունեց, որ իր խմբակցությունը պառակտված է, և այնտեղից մի քանի հոգի են միայն դեմ սահմանադրական փոփոխություններին: «Ժառանգություն» խմբակցությունից ընդամենը մեկ մարդ է դեմ: Դա «Ժառանգության» վերջին և միակ ղեկավարն է` Զարուհի Փոստանջյանը»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Ոչ»-ի ճակատին, Գագիկ Մելիքյանը հորդորեց նախքան «ոչ» ասելը, լավ ծանոթանալ սահմանադրական փոփոխությունների նախագծին և փորձել առաջարկություններ անել:
Այս ֆոնին ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց ընդդիմությանը վերապահված լիազորությունների մասին, որ անգամ կայուն մեծամասնությունը չի կարող իր քվեարկությամբ անցկացնել ԿԲ-ի, ԿԸՀ-ի, ՀԾԿՀ-ի, ՎՊ-ի նախագահների ընտրություններն ու թեկնածուներին, քանի որ ձայների 3/5 -ը պետք է լինի:
Գագիկ Մելիքյանը վստահեցրեց, որ նոր Սահմանադրության նախագիծը նաև դատական անկախություն է ապահովելու, քանի որ Վճռաբեկ դատարանի նախագահը պետք է ընտրվի 3 թեկնածուների միջև մրցապայքարի արդյունքում և պատգամավորների ձայների 3/5-ով:
Times.am-ին ի պատասխան Գագիկ Մելիքյանը ընդունեց, որ խորհրդարանական համակարգի դեպքում ԱԺ պետք է մուտք գործեն քաղաքական գործչի դասական չափանիշներին համապատասխանող անձինք: Վերջինը վստահեցրեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո պատգամավորների թիվը կնվազի, և կհասնի 110-115-ի:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա այս տարվա վերջին` դեկտեմբերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում