ԱԺ-ում քննարկվում է նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու մասին նախագիծը. Ընդդիմադիր պատգամավորները կոչ են անում հետ կանգնել զավեշտալի և նվաստացուցիչ օրինագծից
Նմանատիպ
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը, և պատգամավորներն իրենց ելույթներում կարծիքներ են հայտնում օրինագծի վերաբերյալ:
Հիշեցնենք’ այս փոփոխություններով Հայաստանի կառավարությունը առաջարկում է 2013թ-ի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը դարձնել 35 հազար դրամ’ նախկին 32.500 դրամի փոխարեն: Այսինքն’ բարձրացումը կատարվում է 2500 դրամով:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը իր ելույթում հայտարարեց, որ միայն ընդերքի շահագործումից ստացված եկամուտների արդարացի բաշխման պարագայում նվազագույն ամսական աշխատավարձը ավելի շատ բարձր կլիներ:
«35 հազար դրամ աշխատավարձը ոչ թե աշխատանքի դիմաց վարձատրություն է, այլ մարդու շահագործում: Ինձ համար անընդունելի և նվաստացուցիչ է այսպիսի օրինագծի քննարկումը, դա պետք է նվաստացուցիչ լիներ ՀՀ կառավարության համար, բայց նրանք այլ խնդիր են լուծում’ առջևում նախագահական ընտրություններ են», -հայտարարեց տիկին Սարգսյանը:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս հարցի շուրջ կարծում է, որ կառավարության նախաձեռնությունը նվաստացուցիչ է ՀՀ քաղաքացիների համար. «Այս չափը նվաստացնող է, ցավում եմ, որ դուք եկել և առաջարկում եք ընդամենը 2500 դրամով ավելացնել, որով մեկ քաղաքացին կարող է ընդամենը 12 հաց գնել: Այս ինչպիսի քաղաքացի ենք ակնկալում ունենալ’ արժանապատի՞վ, թե՞ նվաստացված»:
Նրա խոսքով, հենց քիչ աշխատավարձի պատճառով է, որ Հայաստանի քաղաքացիները ուրախ-ուրախ գնում են երկրից դուրս ու ստանում այլ երկրների քաղաքացիություն:
«Այս օրինագծով դուք ևս մեկ անգամ խթանում եք արտագաղթի գործընթացը: Այս օրինագծով դուք ապացուցում եք, որ Հայաստանը մարդ արտահանող երկիր է: 35 հազար դրամով այստեղ նստածներդ ոչ մեկ չի կարող ապրել: Դուք հասկանում ե՞ք’ մեր հանդիպումներում մարդիկ ասում էին սոված են մնում և հարցնում էին’ ի՞նչ եք անում, որ մենք քաղցած չլինենք: Ստում եք, գումարներ կան, գումարները միլիոնավոր դրամի գումարներ են և դրանք գողացվում են այս կամ այն անձնաց կողմից, ու այդ մարդիկ մնում են անպատիժ: Ավելի լավ կլիներ’ այս օրինագիծը չբերեիք ու այս ցավոտ հարցը չբարձրացնեիք», -դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, ասաց Փոստանջյանը:
ԱԺ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին շեշտել է, որ եթե նվազագույն աշխատավարձը 2013 թվականի հունվարի 1-ից հարկվեց, իշխող կառավարությունն անեծքների արժանանալու. «Հետ կանգնեք էս արատավոր պրակտիկայից, լսեք ընդդիմությանը գոնե մեկ անգամ, անհրաժեշտ է ողջամտությանը հետևել, վեր կանգնեք այդ ամենից: Կան հիմնարար արժեքներ’ մարդն ու պետականությունը, որի հիմքում ընկած է արդարության սկզբունքը: Այդ սկզբունքը եթե չի պահպանվում նվազագույն աշխատավարձի բաշխման հարցում, էլ որտեղից կարող է պահպանվել արդարադատության հարցում»:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս հարցի շուրջ իր ելույթում ասել է, որ զավեշտալի է համարում այդ նախագիծը. «Նվազագույն աշխատավարձը առնվազն պետք է ապահովի այն նվազագույն կարիքները, որ ՀՀ քաղաքացիները կարողանան արժանապատիվ ապրել: Այսօր այդ թիվը և այն առաջարկը, որը ներկայացվում է կառավարության կողմից, առնվազն զավեշտ է ՀՀ քաղաքացիների հասցեին»:
Անդրադառնալով Հայաստանում օրեցօր նկատվող գնաճի տեմպերին, Զոհրաբյանը պնդեց, որ գնաճը «խայտառակ տեմպերի է հասնում» և տարօրինակ համարեց այն, որ Ֆինանսների նախարարը համաձայն չէ այդ տեսակետին:
«Երևի թե մենք ապրում ենք տարբեր իրականություններում, մնում է պարզել, թե որ մեկս ենք ապրում իրական և որ մեկս’ վիրտուալ Հայաստանում: Ես վստահ եմ, որ մենք չենք ապրում վիրտուալ իրականության մեջ, ՀՀ տասնյակ հազարավոր այն քաղաքացիներս, որոնք ամեն օր շփվում են իրական կյանքի հետ, և մեր պատկերացումները վիրտուալ չեն: Ես պնդում եմ, որ այսօր ամեն օր առաջին անհրաժեշտության կենսաապահովման ապրանքների գները բարձրանում են», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը’ ընդգծելով, որ «Բարգավաճ Հայատսան» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս օրինագծին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում