«Առավոտ». «Ատկատային ռիսկեր». խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Մեկ ամսից ավելի է անցել նախագահ Սերժ Սարգսյանի’ կառավարությունում անցկացրած խորհրդակցությունից, որի ժամանակ նա, ի թիվս այլ խնդիրների, խոսել է նաև «ատկատների» մասին: Շատ բնական կլիներ, որ կառավարությունը հրապարակեր այս մեկ ամսում պետական պատվերների կամ գնումների համար կայացած մրցույթների արդյունքները և հայտարարեր. «Ահա այս մրցույթներն անց են կացվել բացարձակապես թափանցիկ պայմաններում, մրցույթ անցկացնողներն ու մրցույթում հաղթողներն իրար հետ որևէ կապ չունեն, և այստեղ որևէ «ատկատ» բացառվում է»: Այնքան ժամանակ, որքան նման հայտարարություն չի արվում, մենք կարող ենք ենթադրել, որ «ատկատները» շարունակվում են:
Արդեն բազմիցս ասվել է, որ մեր ամենացավոտ խնդիրն է պետական պաշտոնյաների և բիզնեսի սերտաճումը: Եթե մարդը, օրինակ, ճանապարհային ոստիկանության պետ է և միաժամանակ երթուղային գծեր ունի, կամ եթե նա բնապահպանության նախարար է և զուգահեռաբար զբաղվում է հանքային բիզնեսով, ինձ համար միանշանակ է, որ նա հարստանում է պետության, այսինքն’ մեր’ հարկատուներիս հաշվին: Նույնն է տեղի ունենում, եթե նախարարը մրցույթ է անցկացնում, և շինարարություն անցկացնելու իրավունքը ստանում է իր բարեկամը: Ի դեպ, այդ դեպքում շինարարության ցածր որակը գրեթե 100 տոկոսով «ապահովագրված է»:
Անշուշտ, դրական երևույթ է, որ դրա մասին խոսվում է բարձրագույն մակարդակով: Բայց անհասկանալի երևույթները դեռևս շարունակվում են: Օրինակ’ իրենց եկամուտների հայտարարագրերում կառավարության անդամները, սկսած վարդապետից, նշում են, որ վերջին տարիներին ձեռք են բերել միլիոն կամ մի քանի միլիոն դոլար’ սա այն դեպբում, երբ նույն կառավարությունը հերոսական ճիգերով նվազագույն աշխատավարձը բարձրացնում է 2500 դրամով: Որքան էլ գումարում եմ վարչապետի և նախարարների աշխատավարձերը, միևնույն է’ միլիոն դոլար չի ստացվում: Բայց եթե նրանք հայտարարագրում են այդ գումարները, ուրեմն, հավանաբար, կարող են դրանց համար հաշվետվություն տալ: Հետաքրքիր է’ ինչպե՞ս:
Գուցե հարստանալու դեռևս չսպառված ռեսուրս են նաև Հանրապետության հրապարակում գտնվող շենքերը: ԱԳՆ-ի շենքը արդեն վաճառեցին, բայց, որքան հասկանում եմ, այսքանով կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել: Նույն հրապարակում են գտնվում նաև տրանսպորտի և կապի նախարարությունը, բուն կառավարությունը, ինչպես նաև Ազգային պատկերասրահը, և պաշտոնյաները հայտարարում են, որ շահավետ առաջարկների դեպքում այս շենքերը նույնպես կվաճառվեն: Դե, իսկ որ նման առաջարկներ կլինեն, կարելի է չկասկածել: Այդ առևտուրն, անշուշտ, իր մեջ նույնպես պարունակում է «ատկատային ռիսկեր»»: