«168 ժամ». Հանրաքվե` սատարման դիմաց
Նմանատիպ
Երեկ անուղղակիորեն հաստատվել են տևական ժամանակ քաղաքական շրջանակներում ու մամուլում շրջւսնառվող այն տեղեկությունները, որ Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև բանակցություններ են ընթանում առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու շուրջ: Այդ տեղեկությունների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանին ընտրություններում սատարելու դիմաց ԲՀԿ-ն պահանջում է վարչապետի պաշտոնը, ինչին Ս. Սարգսյանը չի համաձայնվում: Ըստ նույն տեղեկությունների’ ԲՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ’ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իրականում’ նաև ռուսները, ցանկանում էին (են) վարչապետի պաշտոնում տեսնել կամ «ՀւսյՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին, կամ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Դրանից հետո իշխանական շրջանակներում սկսեցին խոսել միջանկյալ տարբերակի մասին, որի համաձայն’ Ս. Սարգսյանը ԲՀԿ-ին առաջարկում է հիմնել երկրորդ փոխվարչապետի պաշտոն’ ԲՀԿ-ի համար, որին, սակայն, ԲՀԿ-ն չէր համաձայնվում: Ըստ ամենայնի, այդ բանակցություններում առաջխաղացում է արձանագրվել, այսինքն’ ԲՀԿ-ն համաձայնվել է փոխվարչապետի ու նաև այլ նախարարական պորտֆելների դիմաց սատարել Սերժ Սարգսյանին: Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում անուղղակիորեն հաստատել է դա: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները’ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով մեկից ավելի փոխվարչապետի պաշտոն սահմանելու մասին, Տ. Սարգսյանն ասել է. «Այդ հարցը մեր օրակարգում կա»: Բնականաբար, Տ. Սարգսյանը չի ասել, որ դա արվելու է ներիշխանական «առևտրի շրջանակներում»: Ըստ նրա, այդ փոփոխությունը կատարվելու է կառավարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Տ. Սարգսյանն ասել է նաև, թե դեռ հայտնի չէ’ երբ կլինի այդ փոփոխությունները նախատեսող հանրաքվեն: Իշխանական շրջանակներում, սակայն, չեն բացառում, որ դա կարող է տեղի ունենալ 2013թ. նախագահական ընտրություններին զուգահեռ: Այս համատեքստում ուշագրավ է Տ. Սարգսյանի մեկ այլ հայտարարություն: Պատասխանելով հարցին’ հնարավո՞ր է’ նոր համաձայնագիր ստորագրվի ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, նա հայտարարել է. «Քաղաքական իրադարձությունները Հայաստանում այնքան արագ են զարգանում, որ ոչինչ բացառել չեմ կարող: Բայց այս պահին մենք ձեռքի տակ ունենք երեք կուսակցությունների’ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրված մի փաստաթուղթ, ըստ որի’ նրանք պարտավորվում են առաջիկա նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին: Այլ փաստաթուղթ չունենք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում