«Հրապարակ». Նախագահական ընտրությունները ավելորդ գլխացավանք են դարձել ՀՅԴ-ի համար

ՀՅԴ-ում կրկին անորոշ վիճակ է: Նախագահական ընտրություններն ավելորդ գլխացավանք են դարձել նրանց համար, որովհետև բոյկոտի, և սեփական թեկնածուով մասնակցության դեպքում մեծ է քաղաքական լուսանցքում հայտնվելու հնարավորությունը: Մյուս կողմից էլ’ սեփական թեկնածուի հարցն է կուսակցությունում վիճարկման առարկա: Արմեն Ռուստամյան-Վահան Հովհաննիսյան թևը ցանկանում է, որ այդ թեկնածուն լինի Հրանտ Մարգարյանը: Հրանտ Մարգարյանն էլ հասկանում է, թե ինչու են «ոմանք» ուզում ՀՅԴ «պարտությունն» իրենով «լվանալ», ուստի նրա համար, բացի իրենից, ՀՅԴ բոլոր անդամներն ընդունելի են որպես թեկնածու: Արմեն-Վահան զույգը կողմնակից է նաև դաշինքով’ միասնական թեկնածուով ընտրությունների մասնակցությանը: «Եթե մնա Արմենին, ապա նա նույնիսկ կհամաձայնի պաշտպանել ՀԱԿ թեկնածուին, սակայն նրան չեն թողնի գնա նրանց հետ բանակցությունների. այդ տարբերակը Հրանտենց սրտով չէ»,- ասում է ՀՅԴ մեր աղբյուրը: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյան-Արմեն Ռուստամյան բանակցություններին, ապա այն առանձնապես որոշիչ չի եղել, չնայած հանդիպմանը քննարկվել է նաև հարցը’ եթե ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանին, Օսկանյանը կգնա՞ վաբանկ, կինքնառաջադրվի՞, դառնալով դաշինքի’ ՀՅԴ -ՀԱԿ -«Ժառանգություն» – արտախորհրդարանական ուժերի համար միասնական թեկնածու: Բանն այն է, որ ՀՅԴ-ի համար անչափ էական է, թե երբ խաղի մեջ կմտնի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը և կմտնի՞ արդյոք: Ի՞նչ կանի այդ ժամանակ ՀՅԴ Սերժ Սարգսյանական թևը: ՀՅԴ-ում կան մարդիկ, ովքեր գտնում են, թե հնարավոր է նաև «դվայնոյ-տրայնոյ» խաղ հայտարարեն մի բան, «տակից» անեն բոլորովին այլ բան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում