Էդ.Շարմազանովը ՀՀ ԱԺ-ի անունից գոհունակություն է հայտնել Չեխիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ
Նմանատիպ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 24-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, որի ընթացքում իր և ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել ՉՀ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դիպուկ և արդարացի բանաձևի կապակցությամբ:
ԻՆչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը, կարևորելով չեխ գործընկերների այս քայլը, նշել է, որ այն իրերն իրենց անուններով կոչելու ևս մեկ դրսևորում է: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն այսուհետ ևս կլինի արդյունավետ և շարունակական:
Պրշեմիսլ Սոբոտկան նշել է, որ ՉՀ խորհրդարանում մեծապես կարևորում են մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի խորացնելու Հայաստան-Չեխիա միջխորհրդարանական հարաբերությունները:
Կողմերը խորհրդանշական են համարել, որ այս բանաձևն ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Չեխիայի խորհրդարան կատարելիք այցի նախօրեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում