ՀԱՊԿ-ից գործնական օգնություն չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցություն կցանկանայինք տեսնել. Խաչատուրով (տեսանյութ)
Նմանատիպ
Ներկայում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն չկա։ Մենք ինքներս էլ կարող ենք հաղթահարել այն խնդիրները, որոնք ամեն օր մեզ համար ստեղծում է Ադրբեջանի հանրապետությունը:
Այս մասին ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի ներկայությամբ գեներալը փաստեց, որ միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ և ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա։
«Մենք համարժեք պատասխան ենք տվել։ Նրանք լուրջ կորուստներ ունեն»,- նշեց Գլխավոր շտաբի ղեկավարը՝ նկատելով, որ առավել դժվար է բացատրել խաղաղ բնակչության շրջանում կորուստների առկայությունը. սպանվեց երեք կին, որոնք իրենց բակում առօրյա կենցաղային աշխատանքներով էին զբաղված:
Ամեն դեպքում, ինչպես նշեց Յուրի Խաչատուրովը, Հայաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելում են սահմանամերձ գյուղեր, հանդիպում են բնակիչներին, տեղեկացնում ձեռնարկվող միջոցառումների մասին՝ կանխելու նման միջադեպերը:
«Սակայն սրանք ամբողջովին բացառել հնարավոր չէ, քանի որ հակառակորդը ականանետեր և հաուբիցներ է կիրառում»,– շեշտեց Խաչատուրովը։
Գլխավոր շտաբի պետը հիշեցրեց, որ հայկական կողմը Ադրբեջանին բազմիցս առաջարկել է հետ քաշել դիպուկահարներին, միջազգային հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց սպանության յուրաքանչյուր փաստով, բայց Ադրբեջանը մերժում է։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի համապատասխան արձագանքի բացակայությանը, գեներալ-գնդապետը նշեց.«Իհարկե, կցանկանայինք, որ նրանք այս հարցում ակտիվություն դրսևորեին, սակայն, ցավոք, դեռ ոչ մի լուրջ արձագանք չկա: Կուզենայինք այն լսել, քանի որ մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում