Ն.Զոհրաբյանը լրագրողներին խորհուրդ է տալիս չփորձել խմբագրել կամ խեղաթյուրել որևէ մեկի խոսքը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօրվա ճեպազրույցում իր խոսքերը խեղաթյուրվել են: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն որոշե՞լ է նախագահական ընտրություններին մասնակցելու իր ձեւաչափը, ես բառացի պատասխանել եմ հետեւյալը՝

«ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի։ Բայց, ինչպես իմ մի քանի գործընկերներն են հայտնել իրենց անձնական տեսակետը, ես եւս կարող եմ ներկայացնել բացառապես իմ անձնական տեսակետը։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն մասնակցի ընտրություններին սեփական թեկնածուով, ավելին, բացառապես իմ անձնական տեսակետով այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»:

Իմ այս հայտարարությունը որոշ լրատվամիջոցների կողմից ուղղակի խեղաթյուրվել է՝ միտումնավոր, կամ գուցե ոչ, եւ ներկայացվել է, թե ես պաշտոնապես հայտարարել եմ, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով։ Խորհուրդ եմ տալիս իմ գործընկեր լրագրողներին ձեռնպահ մնալ նման գործելաոճից՝ եւ չխախտել լրագրողական պրոֆեսիոնալիզմի ոսկե կանոնը՝ չփորձել խմբագրել կամ խեղաթյուրել որեւէ մեկի խոսքը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում