Կարևոր է ոչ միայն մեր երկրի սահմանների անվտանգության ապահովումը, այլև որտեղ դրա կարիքը կլինի. Սեյրան Օհանյան (տեսանյութ, ֆոտո)

Կարևոր է ոչ միայն մեր երկրի սահմանների անվտանգության ապահովումը, այլև որտեղ դրա կարիքը կլինի. Սեյրան Օհանյան (տեսանյութ, ֆոտո)

Այսօր ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում  ավարտվեց  սեպտեմբերի 30-ին մեկնարկած  ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն 2015»  զորավարժությունը:

Եզրափակիչ փուլին հետևում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, ՀՀ ԱԺ պաշտպանության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ:

Հաշվի առնելով  այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը, խաղարկվեցին ակտիվ գործողությունների սցենարներ, որոնք ենթադրում էին ահաբեկիչների կողմից զավթված շենքի ազատագրում, զինյալների ճամբարների մեկուսացում և չեզոքացում, քաղաքացիական անհնազանդության կանխում,  մարդասիրական բեռների ուղեկցում,  անցակետերում և  դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպում:

Գործողություններին ներգրավված էին ռազմաօդային ուժեր՝  ուղղաթիռներ, անօդաչու սարքեր,  ինչպես նաև զրահատեխնիկա, ոստիկանական  ուժեր:

Զորավարժություններին մասնակցում էին  ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության  ներկայացուցիչները՝  մոտ 600 մարդ,  օգտագործվել է 50 միավոր տեխնիկա:

Հիմնական նպատակներն էին ամրապնդել փոխըմբռնումը  և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հիշեցնելով հայկական  խաղաղապահ ուժերի՝ Կոսովոյում, Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում   միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցության փորձը,  նշեց, որ այս զորավարժության ժամանակ  ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կարողություններն ամրապնդելիս հաշվի են առել միջազգային պրակտիկան:

«Այն նպատակները և խնդիրները, որոնք դրվել էին զորավարժության շրջանակում  հիմնականում կատարվել են: «Անխախտելի եղբայրություն 2015»  զորավարժության առանձնահատկությունն այն է, որ Հարավային Կովկասում՝ Հայաստանում խաղաղապահ օպերացիաներ  նախապատրաստվում և իրականացվում է առաջին անգամ: Երկրորդ՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից բացի մասնակցում էին Կարմիր խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ: Հատկապես զորավարժությունների վերջին ակտիվ գործողությունների ընթացքում մենք տեսանք, որ ստորաբաժանումները շատ կազմակերպված և գրագետ էին գործում: Ամենակարևորն այն է, որ կա վստահություն՝ անհրաժեշտության դեպքում որ  տարածաշրջանում ՀԱՊԿ խորհուրդը որոշում կայացնի, մեր ստորաբաժանումները շատ վստահ կիրականացնեն խաղաղապահ գործողություններ: Դուք գիտեք, որ մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, և մեզ համար շատ կարևոր է ոչ միայն մեր երկրի սահմանների անվտանգությունն ապահովել, այլև այնտեղ, որտեղ դրա կարիքը կլինի»,- նկատեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լրացրեց, թե  հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, ՀԱՊԿ անդամ երկրների պետությունները ցանկանում են ստեղծել արդյունավետ ուժային համակարգ՝ պլանավորելով և իրականացնելով միջոցառումներ, որոնք բարձրացնելու են  հավաքական անվտանգության ուժերի մարտական պատրաստության աստիճանը. «Ես համաձայն եմ Սեյրան Օհանյանի հետ, որ զորավարժությունները հաջող ընթացք են ունեցել, կատարվել է շատ մեծ աշխատանք: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը, որ ձեռնարկվել են միջոցներ  և ստեղծվել համապատասխան պայմաններ  զորավարժությունների արդյունավետ ընթացքն ապահովելու համար»,– եզրափակեց Բորդյուժան:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում