Էդ.Շարմազանով. «Զարհուրելի է, որ մեր ԲՀԿ-ական գործընկերները կարող են ոգևորվել թուրքական կողմի պնդումներից»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները շատ անհաջող համեմատություն են արել՝ կոալիցիոն հուշագիրը համեմատելով Սևրի պայմանագրի հետ, քանի որ Հայաստանի իշխանությունները երբևէ չեն հայտարարել, որ հրաժարվում են այդ պայմանագրից:

Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը՝ ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցության» մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հակառակը, դրա մասին մշտապես հայտարարում է թուրքական կողմը: Եվ զարհուրելի է, որ մեր ԲՀԿ-ական գործընկերները կարող են ոգևորվել թուրքական կողմի պնդումներից, թե Սևրի պայմանագիրը ուժի մեջ չի՝ համեմատելով այն կոալիցիոն հուշագրի հետ: Աբսուրդ է ազգային գերկարևոր փաստաթղթերը ներքաղաքական զարգացումների հետ համեմատելը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Այսօր հայտարարվեց, որ նույնն է, թե ասել՝ ուժի մեջ է Սևրի պայմանագիրը նշելով, որ առ այս պահը ուժի մեջ է նախկին կոալիցիոն կառավարության և այդ թվում՝ ԲՀԿ–ից իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մակարդակով ստորագրությունը՝ 2013-ին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, ինչի մասին օրերս հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ լրագրողների հետ զրույցում:

Էդուարդ Շարմազանովը հույս հայտնեց, որ նշված հայտարարությունը «դիվանագիտական անգրագիտության մասնավոր դեպք է» և որևէ կապ չունի ԲՀԿ պաշտոնական տեսակետի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում