«Հրապարակ». Քաղաքականության մեջ երբեք չեն ասում’ երբեք. Դերենիկ Դումանյան

Ըստ «Հրապարակի» հավաստի աղբյուրների`  ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ նոր հուշագիր ստորագրվելու դեպքում ԲՀԿ-ին տրվելիք 3 նախարարական պորտֆելները չեն լինելու այն պորտֆելները, որոնք մինչ այդ տնօրինել է ԲՀԿ-ն. «Բարգավաճը» ցանկանում է, սակայն Սերժ Սարգսյանը դեմ է այդ տարբերակին: Ընդ որում, այս հարցերը Սերժ Սարգսյանն առայժմ հարկ չի համարում քննարկել ՀՀԿ Գործադիր մարմնում՝ գտնելով, որ դեռ վաղաժամ է:

Այնուհանդերձ,  «Հրապարակի» թղթակիցները փորձել են  ճշտել’ տեղյա՞կ են այդ մասին ԳՄ անդամ, այդ ոլորտներում պաշտոնավարող նախարարները եւ պատրա՞ստ են ԲՀԿ-ի պնդման դեպքում զիջել իրենց տեղերը նրանց: Հարցն ուղղեցինք առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:

«Քաղաքականության մեջ երբեք չեն ասում’ երբեք. որեւէ պրոբլեմ չեմ տեսնում, քաղաքականության մեջ լինում են շատ պայմանավորվածություններ, որոնք ունենում են նաեւ իրենց շարունակությունը, եւ ես երբեւիցե չեմ մտածել, որ առողջապահության պորտֆելը պետք է «իմը» լինի, եւ եթե չլիներ հետընտրական իրավիճակը, ապա ես այստեղ չէի լինի: Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ «եթե»-ներով պետք է առաջնորդվել: Նման հարցեր մենք ԳՄ-ում չենք քննարկում, այնուհանդերձ, մեկ բան հաստատ գիտեմ. առաջիկա նախագահական ընտրություններում մեր թեկնածուն միանշանակ հաղթելու է, եւ մենք չունենք խնդիր’ ոչ պայմանավորվելու եւ ոչ էլ հիպոթետիկ ենթադրություններ անելու»»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում