Չկա վտանգ նրանում, որ գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահը չի լինելու. Լարիսա Ալավերդյանը նոր Սահմանադրության մասին (տեսանյութ)

Չկա վտանգ նրանում, որ գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահը չի լինելու. Լարիսա Ալավերդյանը նոր Սահմանադրության մասին (տեսանյութ)

«Կա համոզմունք, որ Սահմանադրությունից չէ կախված իրենց վիճակը»,Times.am- ի հետ զրույցում նկատեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով  սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հասարակության անտարբեր վերաբերմունքին:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, Ալավերդյանը կոչ արեց մասնակցել օրենսդրական փոփոխությունների  գործընթացին. «Ես վտանգն այստեղ լավ էլ տեսնում եմ»,-շեշտեց նա:

Մեր հակադարձմանը, թե սա ուղղված է «Ոչ»-ի ճակատի՞ն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը պարզաբանեց. «Ոչ ժամանակի, ոչ ձևի, ոչ էության առումով չեմ ասի, որ ես այո-ի կողմնակից եմ: Ես գտնում եմ, որ այնտեղ կան այնպիսի բաներ, որոնք կարելի էր չընդգրկել, երկրորդ՝ կան այնպիսի բաներ, որոնք պետք է փոխել: Մեր կազմակերպությունը  մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնցից մի քանիսն ընդունվել է, մնացյալը՝ ոչ: Օրինակ՝ 2-րդ գլխի ձևակերպումները ճիշտ կլիներ եթե կրկնեին միջազգային նորմերի էությունը, հետագայում օրենքով հստակեցվեր տարբերությունը՝ արժեհամակարգային առումով: Բայց հիմա այնպես են գրել, որ չես հասկանում,  սա վերաբերում է խոսքի ազատությանը: Այստեղ հոդվածը գրված չէ այնպես, ինչպես եվրոպական կամ միջազգային կոնվեցիայի մեջ, այլ՝ կարծիքի ազատ արտահայտում և այլն: Այսինքն՝ մասնակի է վերցված»:

Մյուս դիտողությունը վերաբերում է սեփականության իրավունքին, ըստ նրա ճիշտ է փոխվել է  ձևակերպումը,  բայց դեռ որոշակի ռիսկեր կան, երբ ասվում է, որ հողի հանդեպ սեփականության իրավունք չունեն օտարերկրացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցողները՝  բացառությամբ  օրենքով սահմանված դեպքերի:

Խորհրդարանական համակարգի՝ ազգային անվտանգությանը վնասելու  մասին տեսակետների մասով էլ   Լարիսա Ալավերդյանը շեշտեց.

«Այն, որ ասում են, թե ով է լինելու գերագույն գլխավոր հրամանատարը,  չեմ կարծում, որ առավել վատ վիճակ ենք ունենալու: Եթե մենք կապում ենք անձի հետ, ապա պատասխանատվությունը մեկ այլ պաշտոնյայի վրա է դրվելու՝ լինի դա վարչապետը, թե իր կողմից նշանակված մեկը: Ես չեմ գտնում, որ այստեղ է վտանգը: Այս մասին խոսակցությունները չափազանցված են»:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը համոզված է, որ սահմանադրական փոփոխություններն անցնելու են:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է  2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում