«Հրապարակ». ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը հնարավոր է, որ հարցաքննվել է

Պաշտպանության նախարարության գոմեշի մսի գործից ՊՆ քննչականից ոչինչ չեն հայտնում: «ՀԺ»-ին հայտնել էին, որ ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը հարցաքննվել է, սակայն ՊՆ քննչականից հրաժարվում են նաև այս մասին որևէ բան ասել: ՊՆ քննչական ծառայության լրատվության պատասխանատու Մերի Սարգսյանի պատասխանն այսպիսին է. «Նպատակահարմար չենք գտնում գործի վերաբերյալ որևէ բան հայտնել»: Թերթի դիտարկմանը’ հիմա հերքո՞ւմ եք լուրը, թե՞ հաստատում, խոսնակը կրկնել է նույն պատասխանը: «ՀԺ»-ն նշում է, որ Արշալույս Փայտյանը կատարում էր ՊՆ գլխավոր շտաբի մատակարարման, սպառազինության, կարճ ասած’ «ատկատ-մատկատի» գործով պարտականությունները: Վերջինս պաշտոնանկ արվեց, երբ բացահայտվեց, որ «Փայտյանը մատակարարից մեծ գումարներ է պարտք վերցրել»’ ինչպես շեշտում էր Սերժ Սարգսյանը խորհրդակցությունների ժամանակ, իսկ իրականում, տավարի մսի մատակարարման պայմանագիր կնքելով, գոմեշի միս էր մատակարարվել բանակին: Թերթի հիշեցմամբ’ այս գործով սեպտեմբերի 3-ից կալանավորվել է Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով’ խոշոր չափերի խարդախություն անելու համար: Իսկ այս ընթացքում նախաքննական մարմինը դեռ չի կարողանում պարզել, թե սննդամթերքի գծով առաջին պատասխանատուին ինչ կարգավիճակով ներգրավել գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում