Նախագահը խորհրդակցություն է հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ:
Խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ նախաքննության խնդիրների հաջող լուծումն առավելապես պայմանավորված է այս ոլորտում դատախազական հսկողության բացառիկ գործառույթի պատշաճ իրացումով, Նախագահը դատախազության գործունեության մեջ առանձին հանցատեսակների դեմ պայքարում նկատելի դրական տեղաշարժի մասին խոսելուց բացի, խստորեն քննադատել է դեռևս առկա բացասական երևույթները՝ առանձին դատախազների անփութությամբ կամ չարամտությամբ պայմանավորված գործողությունները:
«Ընդհանրապես, դատախազությունը շարունակում է մնալ պետական այն մարմինների շարքում, որոնք կարողանում են իրենց գործունեության մեջ թեև քիչ, սակայն որոշակի դրական արդյունքներ ցույց տալ: Ասվածի ապացույցն են հանդիսանում, մասնավորապես, միջազգային կառույցների կողմից մեր պետության առաջընթացի արձանագրումը փողերի լվացում և թրաֆիքինգ հանցատեսակների դեմ պայքարում: Հաջող կարելի է համարել նաև իրավակարգի ամրապնդման գործում իրավապահ այլ մարմինների հետ համագործակցության բարելավումը: Որոշակիորեն բարելավվել է նաև զինվորական դատախազության աշխատանքը:
Նման օրինակները մեկ անգամ ևս վկայում են, որ բարեխիղճ և ազնիվ դատախազները, որոնք համակարգում քիչ չեն, գիտակցում են հանրության և պետության առջև ստանձնած իրենց առաքելությունը և այդ առաքելությունն իրականացնում են սրտացավորեն:
Սակայն պետք է փաստեմ նաև, որ շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում: Հիշեցնեմ, որ անցած տարվա դեկտեմբեր ամսին կայացած խորհրդակցության ընթացքում նախաքննության որակի և դատախազական հսկողության արդյունավետության հարցերը քննարկելիս առանձնապես շեշտվել էր հենց այս երևույթը և առաջարկվել դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկել: Ու թեև այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվել են, ընդհուպ մինչև մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, սակայն առկա բացասական երևույթները չեն նվազել: Եվ մասնավոր հետևությունն այն է, որ առանձին անհատներ այս ամենից պարզապես դասեր չեն քաղել: Դասեր չեն քաղել, որովհետև դատախազության ներսում ես չեմ տեսնում սուր պայքար այդ երևույթների դեմ:
Ակնհայտ է, որ նախաքննության ընթացքում դատախազը լուրջ դերակատարություն ունի, սակայն նախաքննական մարմինների ներկայացուցիչներն այստեղ են, և բոլորը քաջ գիտակցում են, որ այս գործում յուրաքանչյուրն ունի պատասխանատվության իր բաժինը:
Այս կարճ ժամանակահատվածում Նախագահի աշխատակազմում քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների ստուգման արդյունքում նախաքննական պրակտիկայում բացահայտվել են փաստեր, որոնք ուղղակի անհամատեղելի են առողջ բանականության հետ: Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում: Մենք այսօր դեռևս այդ փաստերի մասին կլսենք:
Ձեր գործունեության ուսումնասիրության ընդամենը երկու-երեք ամիսների ընթացքում պարզվել է, որ, օրինակ.
• դատախազի թողտվությամբ հանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկա, նույնիսկ ոչ թե թողտվությամբ, այլ նրա ակտիվ մասնակցությամբ
• դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում և հայտնվում հետախուզության մեջ: Եվ որևէ մեկը որևէ պատասխանատվություն դրա համար չի կրում՝ ո՛չ նրա անմիջական պետը, ո՛չ դատախազության այն պաշտոնյան, որ պարտավոր էր ի պաշտոնե նաև հսկողություն իրականացնել այդ դատախազի գործունեության նկատմամբ
• Հաջորդը՝ օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն լկտի պահվածքով վիճաբանում է իրավապահ այլ մարմնի աշխատակցի հետ: Վիճաբանությունն էլ, երևի, այստեղ ճիշտ բառը չէ: Ոստիկանության աշխատողին նրա պետի միջոցով հրավիրում է իր աշխատասենյակ և լկտիաբար նրան ապտակում, այսինքն՝ ծեծում: Եվ անպայման ես պետք է միջամտեմ, որպեսզի այդ մարդը ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկվի, այլ ուղղակի նրան ազատեն դատախազության համակարգից: Եթե դատախազը ինքը պետք է ինքնադատաստան տեսնի, ինքը պետք է այդպես վարվի, դատախազը ուրիշներից ի՞նչ կարող է պահանջել
• Հաջորդը՝ դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում, մնում է անպատիժ: Այսինքն, դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, և հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են և ուրիշին են ուզում դատապարտել:
Հանցավոր, արատավոր միտում կա՝ գործերը քննելիս, մեկ էլ հանկարծ 15 տարվա գործունեությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն է ի հայտ գալիս: Հանձնարարում են հարկայինին՝ այս կազմակերպության վերջին 15 տարվա գործունեությունն ուսումնասիրի: Հարյուրավոր մարդկանց պետք է քննել, այն դեպքում, երբ դա գործի հետ քիչ առնչություն ունի: Եվ այս ամբողջը բացատրում են գործի համապարփակ, ամբողջական քննությամբ, իբր: Ի՞նչ գործ ունեք: Հանցագործությու՛նը բացահայտեք:
Եվ սրանք արձանագրված դեպքերից միայն մի քանիսն են: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ընդհանրապես, իրավապահ մարմնում ինչպե՞ս կարող է այսպիսի մթնոլորտ լինել: Այսինքն, դա նշանակում է, որ որոշ մարդիկ հղփացել են: Եթե մարզի դատախազի տեղակալը մտածում է, որ ինքը կարող է այդպիսի արարք թույլ տալ, ես ուրիշ կերպ մտածել չեմ կարող»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է քրեական գործերով նախաքննության վիճակի գործնական խնդիրների վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմում իրականացված վերլուծությունը: Ներկայացված օբյեկտիվ տվյալները և դրանց համակողմանի վերլուծությունը թույլ են տվել եզրակացնել, որ՝
• քրեական գործերով նախաքննության համար պատասխանատու անձանց կողմից ոչ պատշաճ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում իրենց դատավարական լիազորությունները
• անձի դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների քննության ընթացքում խախտվում է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու պահանջը
• դրա հետևանքով չեն լուծվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խնդիրները’ հանցանք կատարած անձինք չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, ակնհայտ անմեղ անձինք մեղադրվում են հանցանքի կատարման մեջ կամ առանց անհրաժեշտության ենթարկվում են իրավունքների սահմանափակման
• իրենց գործունեության մեջ խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք չեն ենթարկվում կատարածին համարժեք պատասխանատվության կամ ընդհանրապես մնում են անպատիժ
• անմիջական իրավակիրառողներն իրենց գործունեության բարելավման կամ դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակման, իրականացման գործում անհրաժեշտ նախաձեռնություն չեն ցուցաբերում:
Հաշվի առնելով արձանագրված խնդիրների բնույթը և դրանց առաջացրած հետևանքները՝ Հանրապետության նախագահը իրավիճակի շտկմանն ուղղված հանձնարարականներ է տվել կոնկրետ պատասխանատուներին:
Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ շահագրգիռ վերաբերմունք է ակնկալում ՀՀ գլխավոր դատախազից, դատախազի տեղակալներից, քննության պատասխանատուներից: «Ես պահանջում եմ բոլորից սկզբունքայնություն: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ունենա, և այդ պատասխանատվությունը պետք է ֆիքսված լինի:
Մենք 2012թ. առաջին եռամսյակի արդյունքներով նորից անդրադառնալու ենք քննության որակին և կոնկրետ փաստերին»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում