ԿԸՀ-ում արտահերթ նիստ է գումարվել

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է դեկտեմբերի 2-ին թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը’ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:

ԿԸՀ մամլո ծառայության տեղեկացմամբ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)’ 36-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)’ 25-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)’ 7-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 4-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 4-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 4-ական:

Թիվ մեկ ընտրատարածքից մեծամասնական կարգով պատգամավոր դառնալու համար այս պահին պայքարում են «Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ՀԱԿ մաս կազմող Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը:

Թիվ 35 ընտրատարածքում գրանցված թեկնածուներն են Արման Սահակյանը, ում սատարելու մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանը:

Քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 4-ից և կավարտվի նոյեմբերի 30-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում