Վարչապետն ընդունել է հայազգի պրոֆեսոր Արա Դարզիին
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայազգի պրոֆեսոր, Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Դարզիին, ով այսօր մասնակցել է «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքի արարողությանը:
Ողջունելով հյուրին’ կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ ենք, որ համագործակցում եք Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ: Այն ստեղծվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի ներքո և փորձելու է ոչ միայն բարձրացնել Հայաստանի Հանրապետության մրցունակությունը, այլև օգտագործել և ավելացնել հայ ժողովրդի ողջ ներուժը: Մեր առաջին’ երկարաժամկետ նպատակը կրթական համակարգի բարեփոխումներն են, երկրորդ’ միջնաժամկետ նպատակն առողջապահությունն է, երրորդ’ կարճաժամկետ նպատակը’ զբոսաշրջությունը»: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի գործունեությունն այսուհետ նպատակաուղղված է լինելու նաև մեր երկիր վերազգային կորպորացիաների ներգրավմանը և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:
Պարոն Դարզին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդին անդամակցելը: Նա նշել է, որ կիսում է ՀՀ կառավարության տեսլականը հիմնադրամի գործունեության ուղղությունների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել աջակցել դրա իրականացմանը:
ՀԱՄՀ առաքելության և ծրագրերի վերաբերյալ մտքերի փոխանակումից հետո զրուցակիցները քննարկել են Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումները: Հյուրը ներկայացրել է առողջապահական համակարգի բարեփոխումների միջազգային փորձը: Նա տեղեկացրել է, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ արծարծվել է թեմային վերաբերող հարցերի լայն շրջանակ, քննարկվել են համագործակցության հեռանկարները:
Միացյալ Թագավորության նախկին առողջապահության նախարար, պրոֆեսոր լորդ Արա Դարզին այսօր կմասնակցի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ կազմակերպած սեմինարին’ նվիրված առողջապահության ոլորտի բարեփոխումներին: Արա Դարզին Ճարտարագիտության թագավորական ակադեմիայի և բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է, Իմպերիալ Քոլեջի համաշխարհային առողջապահության նորարության ինստիտուտի նախագահ և Միացյալ Թագավորության առողջապահության և կենսագիտության համաշխարհային դեսպան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում