Նաիրա Զոհրաբյան. «ՀԱԿ-ը շունչը պահած սպասում է ԲՀԿ-ի որոշմանը»
Նմանատիպ
Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չլիներ գաղափարական եւ երկրի գլխավոր քաղաքական ուժերից մեկը, ապա ողջ քաղաքական դաշտը, այդ թվում նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, որի կազմում է նաեւ Լյուդմիլա Սարգսյանը, շունչը պահած չէին սպասի ԲՀԿ-ի որոշմանը՝ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Որպես կանոն, ես չեմ մեկնաբանում կին պատգամավորների հայտարարությունները, սակայն ուզում եմ Լյուդմիլա Սարգսյանին խորհուրդ տալ չհնչեցնել գնահատականներ, որոնք ոչ միայն որեւէ առնչություն չունեն իրականության հետ, այլեւ անտրամաբանական են: Ես կոչ եմ անում իր գործընկերներին չանցնել կոռեկտության սահմանը»,-ասաց Զոհրաբյանը՝ վստահություն հայտնելով, որ Լ. Սարգսյանի գնահատականը ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետը չէ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լյուդմիլա Սարգսյանը նախօրեին ասուլիսում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն գաղափարական կուսակցություն չէ, հայտնի չէ’ սոցիալիստական է, թե լիբերալ, եւ բոլորս գիտեն, թե ինչի համար է ստեղծվել, բայց ունի հնարավորություն լրջագույն քաղաքական միավոր դառնալու: «Ընտրությունը իրենցն է, եթե ցանկանան քաղաքական ուժ դառնալ, նրանք հիմա այդ հնարավորությունը ունեն, իսկ եթե ոչ այդ դեպքում ԲՀԿ-ն կարծում եմ ՕԵԿ-ի կողքին իր տեղը կզբաղեցնի»,- նշել էր նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում