«Առավոտ». Փնտրել ճիշտ օրակարգ. խմբագրական
Նմանատիպ
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է.
«Թռուցիկներից մեկում գրված է, որ պետք է դուրս զալ եղաններով և հիշել’ նա, ով առավոտյան դուրս կգա աղքատ, կարող է երեկոյան վերադառնալ հարուստ»: Սա գրված է 140 տարի առաջ’ Դոստոևսկու «Չարքեր» վեպն է: Վեպն այն մասին է, թե ինչպես էին արմատական տրամադրություններ ունեցող երիտասարդները փորձում տապալել փտած, նեխած ցարական ռեժիմը: Տասնամյակներ անց այդ ծրագրերը կյանքի կոչվեցին, բայց «արմատականների» ստեղծած ռեժիմը, մեղմ ասած, ավելի լավը չէր, քան ցարականը:
Ինչ մեղքս թաքցնեմ, «հեղափոխություն» բառը, որը վերջերս հաճախ եմ տեսնում համացանցում, ինձ վախեցնում է: Բնականաբար, ինձ միշտ վախեցրել է նաև ինքը’ երևույթը, որը նշանակում է առճակատում, քաոս, սեփականության վերաձևում: Անկախ նրանից, թե ինչպիսին է այդ հեղափոխությունը’ բուրժուական, դեմոկրատական, պրոլետարական, թե գյուղացիական, այն ենթադրում է բնականոն կյանքի խաթարում, որքան էլ այդ կյանքը ծանր և դժվար լինի:
Հատկապես ես չեմ հասկանում, թե ինչ է 21-րդ դարում նշանակում «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխություն: Որքան ես հասկանում եմ, դա արտադրության, սեփականության մի ձևից անցումն է մեկ այլ ձևի’ֆեոդալականից դեպի կապիտալիստական: Այսօրվա Հայաստանում այդպիսի խնդիր կա՞: Գուցե փոխաբերական իմաստով կարելի է ասել, որ մեզ մոտ պահպանվել են ֆեոդալական կարգերի ռուդիմենտները’ դա, մասնավորապես, արտահայտվում է նրանում, որ տվյալ տարածքի բնակչությունն իր օլիգարխին դիմում է «թագավոր ջան» բառերով: Բայց զուտ գիտական իմաստով մեր բոլոր օլիգարխները, ինձ թվում է, բուրժուաներ են’ բուրժուաներ, որոնք այդպիսիք են դարձել կոռումպացված իշխանության հետ սերտաճելով: Եթե բուրժուաների մի խումբը սակարկում է բուրժուաների մեկ այլ խմբի հետ’ իշխանական լծակների համար, դա դեռ չի նշանակում, որ այդ խմբերը ցանկանում են ապրել ոչ այն կանոններով, որոնք գործում են այսօր: Բուրժուական հեղափոխությունն, այդպիսով, Հայաստանի, ինչպես նաև, կարծում եմ’ ժամանակակից որևէ այլ երկրի օրակարգում չէ: Իսկ մեր’ հայաստանյան օրակարգը միասնաբար փնտրելու համար պետք է մտածել և փորձել մտքեր փոխանակել: Հենց այստեղ է մեր գլխավոր խոչընդոտը, նրանք, ովքեր կոչված են դա անելու, անկախ նրանից’ պաշտոնապես «գրանցված են» որևէ կուսակցությունում, թե ոչ, հանդես են գալիս որպես «թիմի ներկայացուցիչներ», խոսնակներ, ոչ թե որպես մտածող անհատներ, դրա համար էլ խոսում են պատրաստի կլիշեներով, կարգախոսներով: «Եվ վերջապես’ գլխավոր ուժը, ամեն ինչ միացնող ցեմենտը սեփական կարծիքից ամաչելն է: Այ, դա ուժ է: Այդ ո՞վ է աշխատեր ո՞ր մի խելոքն է այնպես արել, որ ոչ մեկի գլխում ոչ մի սեփական գաղափար չմնաց»: Նույն վեպից է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում