Գյումրիում տասնյակ ընտանիքներ բնակվում են աղբանոցի վերածված կիսափլված բազմահարկում (տեսանյութ)

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը կրկին ահազանգում է՝ տեսանյութ ներկայացնելով այն մասին, որ Գյումրիում տասնյակ ընտանիքներ բնակվում են աղբանոցի վերածված կիսափլված բազմահարկում։

«27-ամյա Լիանան, որը միայնակ մայր է և ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել: Ինչպես իր բոլոր 5 երեխաները, այնպես էլ ինքը ծնվել և մեծացել է նախկինում «Լենտեքստիլ» կոմբինատին պատկանող հանրակացարանում, որը երկրաշարժի հետևանքով դարձավ վթարային, իսկ հետագա տարիներին կիսով չափ փլվեց, սակայն մինչև օրս տասնյակ ընտանիքներ շարունակում են այնտեղ բնակվել:

Այդ հանրակացարանը գտնվում է Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ ու ներկայումս մասնավոր անձի սեփականություն է:

Այդ կիսախարխուլ քառահարկում մինչև օրս բնակվող մոտ 20 ընտանիքներից գրեթե կեսը նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից եկած, տարբեր ազգությունների պատկանող մարդիկ են: Նրանց գերակշիռ մասը պետության կողմից բնակարան ստանալու հավակնորդներ չեն:

Կիսափուլ այդ շենքում չկա կոմունալ որևէ հարմարություն, անգամ ջուր և կոյուղի: Բնակիչների համար որպես զուգարան ծառայում է նույն շենքի փլված հատվածը: Կառույցում անգամ աստիճաններն են քանդված, և մի անզգույշ շարժումը կարող է ճակատագրական դառնալ»,– ասվում է «Շիրակ կենտրոնի» հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում