Ադրբեջանում ստալինյան ժամանակներն են
Նմանատիպ
Արմեն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ընթերցողը գուցե դժվարությամբ հավատա սույն պատմությանը, բայց այն վերցված է ադրբեջանական կայքից: Ուրեմն այսպես. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի կարգադրությամբ և ԱԱՆ մի խումբ գեներալների, ինչպես նաև նախարարի «գանձապահ» Աքիֆ Չովդարովի ակտիվ մասնակցությամբ գաղտնալսվող սարքերի օգնությամբ երկար ժամանակ ուսումնասիրվում էր երկրի գործարար վերնախավի և միջին ձեռնարկատիրության հայտնի ներկայացուցիչների գործունեությունը:
Հետագայում նրանց վերաբերյալ հավաքվում էին վարկաբեկիչ նյութեր: Դե իսկ հետո ԱԱՆ գրոհային խումբը ղեկավարության ցուցումով և հակաահաբեկչական պայքարի վարչության պետի տեղակալ Իլգար Ալիևի անմիջական ղեկավարությամբ կատարում էր գործարարների անօրինական ձերբակալություններ: Փաստորեն իրականացվում էին ոչ թե թույլատրված ձերբակալություններ, այլ գործարարները պատանդ էին վերցվում կաշառակերության և կոռուպցիայի նպատակով: Գործարարներին ԱԱՆ ժամանակավոր կալանքի խցերում պահում էին շաբաթներով, երբեմն էլ ամիսներով: Կալանքն իբրև խափանման միջոց վերացնելու դիմաց յուրաքանչյուր ձեռնարկատիրոջից հավաքում էին 350 հազար մանաթ: Սակայն դրանից հետո էլ Է. Մահմուդովի և իր գանձապահ Ա. Չովդարովի խմբի ցանցն ընկած մարդիկ ստիպված էին միլիոններ վճարել, որպեսզի դուրս գան նախնական կալանքի խցերից և ազատ արձակվեն:
«ԱԱՆ մի խումբ գեներալների անօրինական և, եթե իրերն իրենց անունով կոչենք՝ հանցավոր գործունեությունն ուղղված էր անկախ ձեռներեցությունը խեղդելուն և երկրի տնտեսության ոլորտները մենիշխանացնելուն,- գրել է կայքն իր այսօրվա խմբագրական հոդվածում:- Ձեռնարկատերերի դասակարգի դեմ գիշատիչ պայքարը հանգեցրել է ծանր հետևանքների՝ հարյուրավոր ձեռներեցներ թալանվել են, իսկ նրանց բիզնեսը հափշտակել է ԱԱՆ ղեկավարների ցանցը»: Ամենազարմանալին այն է, որ Ադրբեջանի նախագահն այս ամենին տեղյակ է եղել առնվազն մեկ տարի առաջ: Եվ ի՞նչ է արել նա. Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությանն «անձամբ» հանձնարարել է «հսկողության տակ վերցնել» հատուկ ծառայությունների ղեկավարության գործունեությունը: Անցել է մեկ տարի:
Բայց հանցագործությունը չի կասեցվել: Նախագահ Ալիևը վերջերս նույնիսկ զգուշացրել է հանցագործներին՝ կառավարության ընդլայնված նիստում ասելով, որ ԱԱՆ և այլ մարմինների ստուգումների առնչությամբ բազմաթիվ բողոքներ են ստացվում: «Ստուգումները բավական շատ են, իսկ ստուգող կազմակերպություններն ասես մրցում են իրար հետ»,- չգիտես ում է բողոքել Ադրբեջանի նախագահը: Համբերության բաժակը, ըստ կայքի, լցվել է վերջերս, երբ գեներալ Աքիֆ Չովդարովի նախաձեռնությամբ Շամքիրում (սա նախկին Շամքորն է) կալանավորվել է գործարարների 20 հոգանոց մի խումբ: Նրանց բոլորին տեղավորել են ԱԱՆ նախնական կալանքի խցերում, խոշտանգել են և այլ անմարդկային տանջանքների ենթարկել:
ԱԱՆ ղեկավարության անունից ձեռնարկատերերի հետ զրուցող Աքիֆ Չովդարովը յուրաքանչյուրից 400 հազար մանաթ է պահանջել, որը և վճարելով՝ նրանք ազատ են արձակվել: Հայտնվելով ազատության մեջ՝ գործարարներն ամեն ինչ պատմել են գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցներին: Հետո՝ արևելյան հեքիաթի ոգով. լուրը հասել է երկրի թագավորին, վերջինիս համբերության բաժակն էլ լցվել է… Երեկ և այսօր անցկացված հատուկ գործողության ժամանակ ԱԱ նախարար Էլդար Մահմուդովն ու իր բազմաթիվ հանցակիցները ձերբակալվել են: Դատելով, ըստ ամենայնի, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու: Նորություններ կարող են լինել այսօր ևեթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում