Yerevan
18
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ֆուտբոլի ապագան. թոփ-10 երիտասարդ դարպասապահները

Ֆուտբոլի ապագան. թոփ-10 երիտասարդ դարպասապահները

Ներկայացնում ենք «Ֆուտբոլի ապագան» շարքի վերջին հրապարակումը, որում առանձնացրել ենք 1994-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնված աշխարհի լավագույն դարպասապահներին: 

10. Վալենտեն Բելոն
Երկիրը` Ֆրանսիա
Ակումբը` «Լանս»
Ծնվել է 1995-ի հուլիսի 5-ին
Հասակը` 180 սմ

Բելոնը Լիգա 1-ում սկսեց հանդես գալ անցյալ աշնանից, երբ «Լանսի» դարպասապահ Ռուդի Ռիուն վնասվածք ստացավ: Նա հենց առաջին խաղում անառիկ պահեց սեփական դարպասը: Բելոնի ուժեղ կողմերից են ոտքերով խաղն ու խաղը եզրում, իսկ թույլ կողմը՝ խաղը օդում:

9. Աուգուստո Բատալյա
Երկիրը` Արգենտինա
Ակումբը` «Ռիվեր Փլեյթ»
Ծնվել է 1996-ի ապրիլի 30-ին
Հասակը` 186 սմ

Երկու տարի առաջ Բատալյան Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Ամերիկայի երիտասարդական գավաթը, իսկ հետո ավագի թևկապով հասավ մինչև աշխարհի  մինչև 17 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ: Գարնանը «Ռիվեր Փլեյթի» նախագահ Ռոդոլֆո Դ՛Օնոֆրիոն հայտարարեց, որ մոտ ժամանակներում Բատալյան, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ»:

8. Ռուբեն Բլանկո
Երկիրը` Իսպանիա
Ակումբը` «Սելտա»
Ծնվել է 1995-ի հուլիսի 25-ին
Հասակը` 188 սմ

Բլանկոն ծնվել է Մոս քաղաքում և մանկուց հանդես է գալիս «Սելտայի» կազմում: Առաջնությունում նա սկսել է խաղալ դեռ նախանցյալ գարնանից, երբ Չավի Վարասը վնասել էր թիկունքը «Վալյադոլիդի» դեմ հանդիպման ժամանակ: 2012/13 մրցաշրջանի ավարտին Բլանկոն երկու խաղի մասնակցեց և գոլեր բաց չթողեց:

7. Անտոն Միտրյուշկին
Երկիրը` Ռուսաստան
Ակումբը` «Սպարտակ»
Ծնվել է 1996-ի փետրվարի 8-ին
Հասակը` 186 սմ

Իր տարիքային խմբում Անտոնը լավագույններից է ամբողջ Եվրոպայում: Դարպասապահի հայրը՝ Վլադիմիրը գնդակով հոկեյ է խաղացել «Ենիսեի» կազմում, դարձել երկրի չեմպիոն: 14 տարեկանում Անտոնն ընդունվել է «Սպարտակի» ակադեմիա, իսկ անցյալ գարնանը Կարպինի ղեկավարությամբ սկսեց խաղալ հիմնական կազմում: Ռուսաստանի համար հաղթական մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 5 խաղերից 4-ում Անտոնը գնդակ բաց չի թողել, եզրափակչում էլ որսացել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի գնդակներից երեքը:

6. Տիմոն Վելենրոյթեր
Երկիրը` Գերմանիա
Ակումբը` «Մալյորկա»
Ծնվել է 1995-ի դեկտեմբերի 3-ին
Հասակը` 186 սմ

Գերմանացի քաղաքական գործիչ, «Կարլսրուեի» նախագահ Ինգո Վելենրոյթերի որդին «Կարլսրուեի» կազմում 3 տարի է խաղացել, 18 տարեկանում տեղափոխվել է «Շալկե»` նորամուտը նշելով փետրվարին, «Բավարիայի» դեմ խաղում Ֆաբիան Գիֆերի ստացած վնասվածքից հետո, իսկ մի քանի շաբաթ անց Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Ռեալի» դեմ խաղում դաշտ է դուրս եկել հիմնական կազմում: Նման հզոր մարտերում Տիմոնն անսխալ չի գործել, բայց որակյալ ու հանգիստ խաղ է ցուցադրել: Նա ուժեղ է երկրորդ հարկում, իսկ Նոյերի պես ոտքերով խաղալու ունակությունն ապահովագրում է պաշտպաններին: Այս մրցաշրջանում նա վարձավճարի դիմաց հանդես է գալիս «Պալմա-դե-Մալյորկայի» կազմում:

5. Պյերլուիջի Գոլլինի
Երկիրը` Իտալիա
Ակումբը` «Վերոնա»
Ծնվել է 1995-ի մարտի 18-ին
Հասակը` 188 սմ

«Ֆիորենտինայի» սանը 16 տարեկանում հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, մարզվել է առաջին թիմի հետ, բայց 3 տարի անց, կարոտելով Իտալիան, վերադարձել է ու դարձել «Վերոնայի» խաղացող: Գոլլինին հիանալի է խաղում ոտքերով, լավ ցատկում է, վստահ է դուրս գալիս դեպի գնդակը և հեղինակություն է վայելում, իսկ Իտալիայի պատանեկան հավաքականում կրել էր ավագի թևկապը: 

4. Բարտոլոմեյ Դրոնգովսկի
Երկիրը` Լեհաստան
Ակումբը` «Յագելոնիա»
Ծնվել է 1997-ի օգոստոսի 19-ին
Հասակը` 191 սմ

1 տարի առաջ «Յագելոնիան» 2 խաղ անընդմեջ պարտվեց 0:3 հաշվով, իսկ հետո դարպասապահ Յակոբ Սլովիկը կարմիր քարտ ստացավ: Մարզչական կազմը ստիպված եղավ դաշտ դուրս բերել Լեհաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Բարտոլեմեյ Դրոնգովսկուն, ում 17 տարին լրացել էր հանդիպումից ընդամենը 4 օր առաջ: Նրա հետ թիմը 7 խաղում անընդմեջ հաղթանակ տարավ, իսկ դարպասապահն այդ ընթացքում ընդամենը 2 գնդակ բաց թողեց: Հիանալի ցատկելու ունակությունը, ռեակցիան, խաղը եզրում թույլ են տալիս նրան 17 տարեկանում սարսափեցնող վստահ տեսք ունենալ:

3. Սիմոնե Սկուֆետ
Երկիրը` Իտալիա
Ակումբը` «Կոմո»
Ծնվել է 1996-ի մայիսի 31-ին
Հասակը`186 սմ

2013 թվականի մինչև 10 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Սկուֆետը Միտրյուշկինից վատ էր հանդես գալիս, փոխարենը վստահությամբ էր սկսեց ելույթները մեծահասակների ֆուտբոլում: Մրցաշրջանի կեսերին դպրոցահասակ Սկուֆետը նախախաղյա մարզման ժամանակ Բրկիչի ստացած վնասվածքից հետո խաղաց «Ուդինեզեի» հիմնական կազմում, իսկ հաջորդած 2 խաղերի ընթացքում գնդակ բաց չթողեց: Անցյալ մրցաշրջանում հույն Կարնեզիսի «Ուդինեզե» վերադարձից հետո Սկուֆետը կրկին երկրորդ պլան մղվեց, ինչի պատճառով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Կոմոյի» կազմում:

2. Պրեդրագ Ռայկովիչ
Երկիրը` Սերբիա
Ակումբը` «Մաքքաբի»
Ծնվել է 1995-ի հոկտեմբերի 31-ին
Հասակը` 191 սմ

17 տարեկանում Պրեդրագը հաղթել է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, իսկ մի քանի ամիս առաջ Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ: Ռայկովիչը կարողանում է ձեռք մեկնել անելանելի իրավիճակներում, երբ միայնակ դուրս է գալիս մրցակցի դիմաց, կամ դարպասին 11-մետրանոց հարված է պատրաստվում ընդունել: Ակումբային անցյալ մրցաշրջանը նա սկսել է 7 անընդմեջ խաղում առանց գնդակ բաց թողելու: Սինիշա Միխայելովիչը դեռևս երկու տարի առաջ է Ռայկովիչին հրավիրել Սերբիայի մեծահասակների հավաքական, իսկ հիմա, ասում են, որ «Միլան» է հրավիրում:

1. Մուեզ Ասեն
Երկիրը` Ֆրանսիա
Ակումբը` «Նիցցա»
Ծնվել է 1995-ի մարտի 5-ին
Հասակը` 184 սմ

Մայիսին, «Սենթ-Էթյենին» 0:5 հաշվով պարտվելուց հետո «Նիցցայի» մարզմանը երկրպագուներ հավաքվեցին և հարձակվեցին մարզիչ Կլոդ Պյուելի վրա: Միակ ֆուտբոլիստը, ով աջակցեց մարզչին՝ դարպասապահ Ասենն էր, ով ևս երկրպագուների քննադատություններին արժանացավ: Սակայն, Ասենը վերջին մարդն է, ում կարելի է մեղադրել «Նիցցայի» հետ կատարվածի համար: Անցյալ մրցաշրջանի 30 խաղերից 8-ում (այն դեբյուտային էր Ասենի համար որպես թիմի հիմնական դարպասապահ, քանի որ Դավիդ Օսպինան տեղափոխվել էր «Արսենալ») Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի դարպասապահը գնդակ բաց չի թողել: Ասենը թունիսյան արմատներ ունի, նա ծնվել է Պրովանսում և 16 տարեկանից խաղում է Ֆրանսիայի ընտրանու կազմում:

Նախորդած հրապարակումներ` 

Հետևեք մեզ նաև Telegram-ում