Դոգմա չպետք է ընդունել, թե չի կարելի մեքենան խաչմերուկում կայանել. Ոստիկանապետ (տեսանյութ, ֆոտո )

Դոգմա չպետք է ընդունել, թե չի կարելի մեքենան խաչմերուկում կայանել. Ոստիկանապետ (տեսանյութ, ֆոտո )

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:

Նպատակը՝ քննարկել հանրապետության նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման ընթացքը, երթևեկության խնդիրների մշտադիտարկման այս փուլի արդյունքներն ու առաջարկված ծրագրերի իրականացման արդյունավետությունը: Մինչ խորհրդակցությունը ոստիկանության պետը ծանոթացավ քարտուղարության աշխատանքին, որն իրականացվում է նորովի՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացի-ճանապարհային ոստիկանություն ուղղակի փոխգործակցությունը:

Ճանապարհային ոստիկանության այս օղակում անմիջաբար ընդունվում ու ընթացք են տրվում քաղաքացիների դիմումներին ու բողոքներին, գրանցվում են բոլոր առաջարկները: Այցելուների թիվը մեծ էր: Մի քաղաքացուհի, օրինակ, առաջարկում էր ավտոմեքենաների կայանում կազմակերպել Կոմիտասի-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, քանի որ տարածքը տալիս է դրա հնարավորությունը:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատելով նախաձեռնությունը՝ առաջարկը քննարկելու վերաբերյալ ցուցում տվեց համապատասխան ծառայության պատասխանատուին: Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, երթևեկության ու ծառայության կազմակերպման նոր մեթոդները, տեխնիկական հագեցման ընթացքը և գործունեության մի շարք այլ ուղղություններ:

Միևնույն ժամանակ, ոստիկանության պետը նշեց, որ ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռևս կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող, ոստիկանության հանդեպ հանրության հավատը խարխլող երևույթներ:

Պահանջելով անզիջում լինել գործնական միջոցներ ձեռնարկել նման դրսևորումների հանդեպ ՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց դրանց վտանգավորությունը թե ոստիկանության, թե հասարակության համար:

Նշելով շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների, քաղաքացիների լայն ներգրավվածությունը երթևեկության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այդ գործընթացին ճանապարհային տեսուչների ակտիվ մասնակցությունը, մարդկանց, որ և մասնագետ են, և քաղաքացի, և երթևեկության պատասխանատու:

Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ճանապարհային ոստիկան-վարորդ հարաբերությունների բարելավման, վարորդներին, մասնավորապես՝ այլ երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ապօրինի անտառահատումների դեմ պայքարում ճանապարհային ոստիկանության նեգրավվածությունը մեծացնելու և մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում