«Հրապարակ». ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահին
Նմանատիպ
Նախօրեին «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ հավաքից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ արտերկրից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև վերջնական համաձայնությունը կայացել է. ԲՀԿ-ն կսատարի «գործող նախագահին»։ Հայտարարությունը կլինի մինչև նոյեմբերի վերջ. «Օրը դեռ որոշված չէ, մինչև վերջ ասածն էլ խիստ հարաբերական է՝ այն կարող է լինել նոյեմբերի հինգին, տասին, քսանին՝ կերևա. պորտֆելների և սահմանադրական հանրաքվեի մասին այս պահին վաղ է բարձրաձայնելը»։ ԲՀԿ նիստը, որը տևել էր մի քանի ժամ, և որի մասին ԲՀԿ-ն քար լռություն է պահպանում, պարզվում է՝ իրականում ամենևին էլ ինտրիգ չի պարունակել։ Չնայած որոշ լրատվամիջոցների լուրերին, թե նիստում խոսվել է քաղաքական լուրջ սեգմենտների, կոշտ պայքարի, ընդդիմության միավորման մասին։ «Սուտ է,– տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը,– լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։
Համենայնդեպս, նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու և կամ Սերժ Սարգսյանին սատարելու մասով խոսակցություն, որպես այդպիսին, նիստում չի ընթացել։ Գագիկ Ծառուկյանն իր «ծերակույտին» ընդամենը հարկ է համարել տեղեկացնել, որ քաղաքական քննարկումներ իսկապես կան, այդ թվում և Սերժ Սարգսյանի հետ։ Ուրիշ ոչինչ։ Այնուհանդերձ, ներկաների տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանի սատարման և սեփական թեկնածուով հանդես գալու հարաբերակցությունը 60-40 է՝ հօգուտ սատարման։ Խորհրդակցության առյուծի բաժինն առնչվել է ընթացիկ, կազմակերպչական հարցերին, և «կոշտը», ըստ մեր աղբյուրների, վերաբերել է նրան, որ Ծառուկյանը դժգոհություն է հայտնել պառլամենտում գործող ԲՀԿ երեսունյոթ հոգանոց ֆրակցիայից, որի ընդամենը յոթ հոգին են ակտիվ աշխատում, իրենց «ճղում», մնացածները չգիտես ինչով են զբաղված։
Հետևեք մեզ նաև Telegram-ում