ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան. «Գերմանական կողմը Հայաստանի մեջ տեսնում է փորձված, վստահելի և թափանցիկ գործընկերոջ»
Նմանատիպ
Գերմանական կողմը Հայաստանի մեջ տեսնում է փորձված, վստահելի և թափանցիկ գործընկերոջ, այս մասին ասել է ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր ՊՆ-ում կայացած հանդիպման ընթացքում:
ՀՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 2-ին Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելուց հետո առաջին անգամ պաշտպանության նախարարություն այցելած Ռայներ Մորելին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Բարձր գնահատելով հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը’ Սեյրան Օհանյանը նաև համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի դինամիկ զարգանալ:
Դեսպան Մորելը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար’ նշելով, որ գերմանական կողմը Հայաստանի մեջ տեսնում է փորձված, վստահելի և թափանցիկ գործընկերոջ և պատրաստ է շարունակել ու զարգացնել ինչպես բազմաբնույթ երկկողմ փոխգործակցությունը, այնպես էլ հայ-գերմանական համագործակցությունն Աֆղանստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-գերմանական երկկողմ պաշտպանական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում