Մամուլի և լրատվական գործակալությունների 19–րդ միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարը լավագույնն է ճանաչվել
Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում նոյեմբերի 2–ին ավարտվեց Մամուլի և լրատվական գործակալությունների 19–րդ միջազգային ցուցահանդեսը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսի փակման առթիվ Իրանի Մշակույթի և Կրոնական հարցերի նախարարությունը’ Կրթության և տեղեկատվության նախարարության հետ համատեղ, կազմակերպեց պաշտոնական ճաշկերույթ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Ճաշկերույթին ներկա էր նաև Մշակույթի և Կրոնական հարցերի փոխնախարար Մոհամմադ Ջաֆար Մոհամմադզադեն:
Թեհրանյան ցուցահանդեսի ամբողջ ընթացքում Հայաստանի տաղավարը գտնվեց ուշադրության կենտրոնում: Այս մասին ցուցահանդեսի օրերին բազմիցս նշեցին թե’ կազմակերպիչները, թե’ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները, թե’ ցուցահանդեսի այցելուները, եւ թե իրանական մամուլը: Փառատոնի փակման օրը կազմակերպիչները փաստեցին. Հայաստանի տաղավարը լավագույնն է եղել, այն ունեցել է ամենաշատ այցելուները և եղել է լավագույնս կազմակերպված: Այս հարցում Հայաստանի հետ համեմատվել է միայն Սիրիայի տաղավարը:
Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում թեհրանահայ համայնքը մշտապես գտնվեց Հայաստանի պատվիրակության կողքին և մեծապես աջակցեց նրան: Լրատվամիջոցներից տեղեկանալով իրանաբնակ ադրբեջանցիների կողմից Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ սադրանքների և հայերին վիճաբանության մեջ ներքաշելու նրանց փորձերի մասին’ Թեհրանում բնակվող մեր հայրենակիցները շտապել էին «Մուսալլա» սրահ, որտեղ անցկացվում էր մեդիա ցուցահանդեսը: Վերջին օրերին իրանահայ համայնքի ներկայացուցիչներից ոմանք անգամ ոչ մի րոպե չհեռացան Հայաստանի տաղավարից:
«Անկեղծ աշխարհ» խորագրի ներքո անցկացվող Մամուլի և լրատվական գործակալությունների 19–րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Հայաստանից բացի ցուցահանդեսին ներկա էին աշխարհի 30 երկրների 50 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 3–ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում