Բուլղարիայի հոգևոր առաջնորդների պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ
Նմանատիպ
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Բուլղարիայի հայոց թեմի նախաձեռնությամբ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Բուլղարիայի հոգևոր առաջնորդների պատվիրակությունը:
Մայր Աթոռի մամլո դիվանի հաղորդմամբ՝ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի և թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանի ուղեկցությամբ ժամանած պատվիրակության կազմում են Վառնայի և Վելիկոբրեսլավսկի միտրոպոլիտ Կիրիլ արքեպիսկոպոսը (Բուլղար Ուղղափառ Եկեղեցի), կրոնի նախարարության ներկայացուցիչ Էմիլ Վելինովը (Բուլղար Ուղղափառ Եկեղեցի), Բուլղարիայի Կաթոլիկ նվիրակության ներկայացուցիչ Հայր Պետկո Վլովը, Բուլղարիայի Բողոքական եկեղեցիների նախագահ Նիկոլայ եպիսկոպոս Նեդելչևն ու Բուլղարիայի Համախմբված Բողոքական եկեղեցիների գլխավոր քարտուղար Նիկոլայ Չեռնևը, Բուլղարիայի Հրեական հոգևոր խորհրդի նախագահ Ռոբերտ Ջեռասը, Բուլղարիայի իսլամական համայնքից’ Մուֆթի Բիբիրլի Մյումյուն և Բուլղարիայի Մուֆթիության գլխավոր քարտուղար Ահմեդ Ահմեդովը: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատվիրակությանն ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման սկզբում Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, ընդգծեց, որ այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստան լավագույն առիթը պիտի հանդիսանա Բուլղարիայի հոգևոր առաջնորդների համար’ հաղորդակից դառնալու հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային արժեքներին:
Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին’ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Բուլղարիայի հայոց թեմի’ պատվիրակությանը Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը, ինչն առավել կզորացնի կապերը կրոնական հարանվանությունների միջև: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ Բուլղարիայի կրոնական հարանվանությունների միջև եղբայրական սերտ հարաբերություններ են ձևավորվել:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ հայ և բուլղար ժողովուրդների պատմական ջերմ կապերին, ինչպես նաև Հայ Եկեղեցու միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին:
Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները փոխանցեց Բուլղար Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մաքսիմ Պատրիարքին, ինչպես նաև հանդիպմանը ներկա կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներին’ աղոթելով, որ Աստված խաղաղության, սիրո և համագործակցության մեջ պահի Բուլղարիայում ապրող ժողովուրդներին, օրհնի և զորացնի հոգևոր առաջնորդների առաքելությունն իրենց զավակների կյանքում:
Նոյեմբերի 5-9-ը պատվիրակությունը կայցելի Հայաստանի մի շարք վանքեր ու եկեղեցիներ, հոգևոր կրթական հաստատություններ և մշակութային օջախներ: Պատվիրակության անդամները կլինեն նաև Ծիծեռնակաբերդում, ուր ծաղկեպսակ կզետեղեն Ցեղասպանության զոհերի հուշարձանի առջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում