Facebook-ի օգտատերերի թվաքանակը գերազանցել է մեկուկես միլիարդը

Facebook-ի օգտատերերի թվաքանակը գերազանցել է մեկուկես միլիարդը

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Facebook սոցիալական ցանցում աքաունթների թվաքանակն ավելացել է 60 միլիոնով: Հոկտեմբերի 30-ի դրությամբ աշխարհում կար այդ սոցցանցի ավելի քան 1,55 մլրդ օգտատեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հայտնել է BBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ընկերության հաղորդագ րությանը: Այդ ցուցանիշը չափվում է ամեն ամիս:

Սոցցանցի վարչակազմում նշում են, որ ամերիկացիների կողմից Համացանցում անցկացվող ամբողջ ժամանակի 20 տոկոսը բաժին է ընկնում Facebook-ին եւ Instagram-ին: Սեպտեմբերին շարժական օգտատերերի թիվը, որոնք սոցցանցից օգտվում են ամեն օր, աճել է 27 տոկոսով եւ հասել 894 միլիոնի:

«Մենք կարծում ենք, որ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Facebook-ը եւ Instagram-ը մրցակիցներ չեն լինի: Մենք կմրցակցենք զանգվածային լրատվամիջոցների այլ տեսակների հետ»,- հայտարարել է ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Շերիլ Սանդբերգը, որի խոսքը մեջբերել է Reuters-ը:

Ընկերության հասույթն ավելացել է 45,4 տոկոսով՝ մինչեւ 4,3 մլրդ դոլար: Ծախսերն աճել են 68 տոկոսով եւ կազմել 3 մլրդ դոլար: Համեմատությունն անցկացվում է անցած տարվա երրորդ եռամսյակի հետ:

«Աճ է տեղի ունենում բոլոր ուղղություններով»,- ասել է Սանդբերգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում