ՊԵԿ-ը հրապարակել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Նմանատիպ
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2012թ. առաջին ինը ամիսների Հայաստանի խոշոր 1000 հարկատուների ցանկը:
«Haynews.am»-ի փոխանցմամբ՝ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, որն այս տարվա 9 ամիսների ընթացքում վճարել է 22.6 մլրդ դրամի հարկ, նախորդ տարվա 15.9 միլիարդ դրամի փոխարեն:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2-րդ հորիզոնականում է՝ վճարելով 16.4 մլրդ դրամի հարկ, անցյալ տարվա 22.5 մլրդի փոխարեն:
3-րդ տեղում է գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 13.5 մլրդ դրամի վճարած հարկերով: Այս ընկերությունը շուրջ 2 միլիարդ դրամի ավելի շատ է հարկ է վճարել, քան անցյալ տարի:
Նրան հաջորդում է «Ղ Տելեկոմ» (ապրանքանիշը՝ «Վիվա Սել-ՄՏՍ») ընկերությունը՝ 13.3 մլրդ դրամ ցուցանիշով, որն նախորդ տարվա համեմատ մոտ 1 միլիարդ դրամ ավել գումար է մուտքագել պետբյուջե:
5-րդ հորիզոնականում է կապի մյուս օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը՝ 9.6 մլրդ դրամ վճարած հարկերով, որը շուրջ 100 հազար դրամով հետ է մնացել իր իսկ նախորդ ցուցանիշից:
Հաջորդ հորիզոնականներում բենզին ներկրող ընկերություններն են: Խոշոր հարկատուների աղյուսակում «նորաբնակ» է 12-րդ տեղը զբաղեցրած «Սամ սեր գրուպ» ընկերությունը՝ վճարելով է 4.6 մլրդ դրամի հարկ։ Ընկերության մասին առաջին անգամ խոսվեց այն ժամանակ, երբ մեծ աղմուկ բարձրացավ բանակին մատակարարվեց գոմեշի միսից:
Նշենք, որ հանքարդյունաբերական ոլորտի ընկերություններն այս տարի աճ են արձանագրել: «Գեո պրո մայնինգը» զբաղեցնում է 14-րդ տեղը՝ քառապատկելով իր վճարումները, իսկ «Դինո գոլդ մայնինգն»՝ 9-րդը, կրկնապատկելով պետբյուջեի վճարումները: Նույն ցուցանիշն ունի նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Ընդհանուր առմամբ՝ 1000 խոշոր հարկատուները միասին վերցրած նշված ժամանակահատվածում վճարել են 394.9 մլրդ դրամի հարկ, ինչը 42.1 մլրդ դրամով ավելի է, քան 2011թ. նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների վճարածը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում