Հայաստանը և Ռուսաստանը սերտորեն կհամագործակցեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում
Նմանատիպ
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կստորագրվի պաշտպանական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիայի մասին համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագրի նախագիծը ներառված է գործադիրի նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն՝ համաձայնագիրն ուղղված է երկու երկրների պաշտպանական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիայի ապահովմանը:
Համաձայնագրի կնքմամբ կստեղծվեն նպաստավոր պայմաններ երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկարաժամկետ համագործակցության համար:
«Համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի ՌԴ-ի և ՀՀ-ի համապատասխան մարմինների միջև կհամաձայնեցվեն փոխադարձ առաքումների վերաբերյալ առաջարկությունները, ինչը կհեշտացնի տեղական արտադրանքի մուտքը ՌԴ շուկա, ինչպես նաև վերջինիս արտադրանքի մուտքը Հայաստանի շուկա: Նշված գործընթացը պայմանավորված է նաև Հայաստանի և Ռուսաստանի կազմակերպությունների միջև փոխադարձ առաքումների վերաբերյալ պայմանագրային պարտավորությունների ժամանակին և պատշաճ կատարման անհրաժեշտությամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է երկու երկրների միջև ցանկերի համաձայնեցման գործընթացի արդյունավետությամբ»,- նշված հիմնավորման մեջ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիայի մասին» Համաձայնագրի ստորագրումը համարում է նպատակահարմար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում