Նորածին երեխային թողել են շքամուտքի առջև
Նմանատիպ
Երեկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ իր հարևանի դռան դիմաց նորածին երեխա են թողել և հեռացել:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նույն օրը, ժամը 21.00-ին, մեկնած օպերատիվ խմբին Ջրվեժ թաղամասի մի բնակչուհի հայտնել է, որ ժամը 19.30-ին անհայտ անձն իրենց շենքի 3-րդ հարկում գտնվող 9-րդ բնակարանի մուտքի դռան դիմաց թողել է նորածին երեխա և հեռացել:
Նորածնի բարուրի մեջ դրված է եղել հետևյալ գրությունը. «31.10.2012 թ., ՄԱՐԻԱՄԻԿ»: Նշված է եղել նաև, որ «երեխային թողնում է կարիքից դրդված»:
Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են միջոցառումներ երեխային անօգնական թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Նորք վարչական շրջանում գտնվող Երևանի «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը Panorama.am-ին տեղեկացրել է, որ երեկ գիշերը ժամը 9-ին իրենց մոտ տեղափոխված Մարիամիկի առողջական վիճակը լավ է, նա չի մրսել:
«Երեխային գտել են շքամուտքում, նա սառած վիճակում չի եղել, միգուցե նրան անմիջապես են գտել», -փոխանցեց տիկին Կարապետյանը:
Նյարդաբանական և այլ կարգի առողջական խնդիրների մասին, ըստ տիկին Կարապետյանի, դեռ վաղ է ասել:
«Առավոտյան երեխան հետազոտության կենթարկվի և նրա մոտ կստուգվի սիֆիլիսի առկայությունը: Մնացած հետազոտությունները նույնպես կարվեն: Մինչև այս պահը, բացի մանկաբույժից, ուրիշ հետազոտող չի եղել», -նկատեց Լիանա Կարապետյանը:
Մեկ շաբաթական երեխան կշռել է 3 կգ 300 գրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում