ԲՀԿ-ական պատգամավորները վաղվանից կսկեն այցելել մարզեր. «Մեզ համար կարևոր է լսել, թե հանրությունն ինչ պահանջ է ձևավորում ընտրություններից առաջ»
Նմանատիպ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը’ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Օսկանյանի, ինչպես նաև ԲՀԿ-ական այլ պատգամավորներ վաղվանից սկսելու է այցեր’ հանրապետության բոլոր մարզեր: Պատրաստվում են հանդիպել կուսակցության ակտիվի ու բնակչության հետ, որպեսզի լսեն նրանց տեսակետը և առաջարկները առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը.
«Մի քանի ամիս անց երկրում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երկրի առաջատար քաղաքական ուժերից մեկը, պետք է վերջնական որոշի այդ ընտրություններում իր մասնակցության վերջնական ձևաչափը: Եվ վերջին քննարկումներում եղավ առաջարկ, որպեսզի մեր պատգամավորները և քաղխորհրդի ներկայացուցիչները առաջիկա օրերին լինեն մարզերում»,- պարզաբանեց Ն.Զոհրաբյանը:
Հանդիպումների և քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկներն ու տեսակետները կամփոփվեն և ըստ այդմ ԲՀԿ-ն կհրապարակի իր որոշումը, թե ինչ ձևաչափով է մասնակցելու նախագահական ընտրություններին.
«Վաղվանից մեր բոլոր պատգամավորները, քաղխորհրդի անդամները կլինեն մարզերում: Մասնավորապես ես կլինեմ Շիրակի մարզում»,- նշեց պատգամավորը ու մեր հարցադրամնն ի պատասխան արձագանքեց, որ Գագիկ Ծառուկյանը այս կոնտեքստում մարզային այցելություններ չի ունենալու:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կուսակցությունում մտավախություն չունեն, որ իրենց կմեղադրեն ներքաղաքական կյանքում ժամանակից շուտ քարոզարշավի էլեմենտներ ներդնելու համար, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե նման մտավախություն չունեն.
«Բացարձակապես նման մտավախություն չունենք, քանի որ քարոզարշավ կլիներ այն դեպքում, երբ մենք վերջնական որոշում կայացրած լինեինք և սկսեինք քարոզարշավը: Մեզ համար կարևոր է շփվել հանրության հետ և լսել, թե հանրությունն ինքը հասարակական ինչ պահանջ է ձևավորում նախագահական ընտրություններին ընդառաջ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում