Մենք մեղավոր չենք, որ դուք գնալով թուլանում եք. Է. Շարմազանովը` ընդդիմությանը
Նմանատիպ
Ազգային ժողովում համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը 3 մարզերում իրականացնելու նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը հակասում է ՀՀ սահմանադրությանը: Շարմազանովը Զուրաբյանին հորդորեց Ազգային ժողովի ամբիոնից չասել բաներ, որոնք իրականության հետ աղերս չունեն: «Քիչ առաջ այստեղ պարոնը խոսում էր մի բանի մասին, որը գոյություն չունի: Չի կարելի բաները կիսատ ասել: Չի կարելի այստեղ արհամարհել Սահմանադրությունը և ձեր գործընկերներին: Երբ Սահմանադրության մեջ կարդում եք, որ տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը և ասում, որ Սահմանադրությունը խախտվել է, ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվում, կարդացեք նաև, որ համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել՝ անկախ տեղական հանրաքվեի արդյունքներից: Բա սա ինչի՞ համար չեք կարդում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Շարմազանովը Զուրաբյանին վստահեցրեց, որ եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մանրամասն կներկայացնի, թե որ համայնքում հանրաքվեի արդյունքները ինչպիսին են եղել: «Եթե մեր նիստերին ներկա լինեիք, երբ պարոն Տերտերյանը ներկայացնում էր հանրաքվեի արդյունքները, այսօր այդ մասին չէիք խոսի»,- ընդգծեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը ՀԱԿ խմբակցության ղեկավարին կոչ արեց ցանկացած հարց չսարքել իր չկայացած քաղաքական թիմի քաղաքական ամբիցիաների արտահայտման միջոց: «Մենք մեղավոր չենք, որ դուք գնալով թուլանում եք: Խնդիրը նախ ձեր մեջ նայեք: Դրանում ոչ իշխանությունն է մեղավոր, ոչ կառավարությունը, ոչ Ազգային ժողովը, ոչ էլ հասարակությունը: Եթե խնդիր ունեք, գնալով թուլանում եք ու հայտնվում եք լուսանցքում, խնդիրը ձեր մեջ նայեք»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում