«Հայկական ժամանակ». Անցած գիշեր հանրապետության մայրուղիների վրա ամենաիսկական մարտաֆիլմ հիշեցնող իրավիճակ է տիրել

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ անցած գիշեր հանրապետության մայրուղիների վրա ամենաիսկական մարտաֆիլմ հիշեցնող իրավիճակ է տիրել։ Դիմակավոր ու ավտոմատավոր ոստիկանները, կարմիրբերետավորները և ոստիկանության մարզային բաժինների ծառայողները կանգնեցրել են փայտ տեղափոխող կիսաբեռնատար ու բեռնատար մեքենաները ու, վարորդներով հանդերձ, բերման ենթարկել ոստիկանություն։ Ավելի ուշ մեքենաները տեղափոխվել են Երևան՝ Հրազդան մարզադաշտին կից տարածք, վարորդներին էլ տարել են ոստիկանության 6-րդ վարչություն։ Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Ըստ ոստիկանության, այս ամենը տեղի է ունեցել ապօրինի ծառահատումների, փայտագողության դեմ պայքարի շրջանակներում, մինչդեռ վարորդները երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ ոստիկանները չեն էլ ստուգել իրենց մոտ համապատասխան փաստաթղթեր կա՞ն, թե՝ ոչ։ Պատկերացնելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել գիշերը, և ինչ «օպերացիա» էր սա, հիշատակենք մի շատ կարևոր հանգամանք։ Կիրակի օրը հեռուստատեսությամբ Վովա Գասպարյանը, ապօրինի ծառահատումների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, խրոխտ տոնով հայտարարեց. «Մեկ–երկու օր հետո դուք կլսեք»։ Եվ ահա լսեցինք։ Շռնդյունով։ Իսկ իրականում տեղի ունեցավ ոստիկանության հերթական PR ակցիան։ Այլ կերպ հնարավոր չէ որակել միջոցառումը, որի ժամանակ որևէ մեկին չի հետաքրքրել փայտն օրինական է տեղափոխվում, թե՝ ոչ։ Պետք էր փայտով բեռնված մեքենաներ բերման ենթարկել և մայրաքաղաքում կուտակել, ոստիկանները հենց դա էլ արել են։ Երեկ բերման ենթարկված վարորդների բարեկամները ողջ օրվա ընթացքում տեղեկություն չեն ունեցել նրանց գտնվելու վայրի և ինքնազգացողության մասին։ Մեր թղթակցի հետ զրույցում նրանցից շատերը պատմել են, որ իրենց հարազատները փայտ են տեղափոխել ոչ թե վաճառելու ու հարստանալու, այլ ձմռան համար անհրաժեշտ սննդամթերքի հետ փոխանակելու համար միայն։ Սահմանամերձ գյուղերից մեկի մի բնակիչ էլ, որի որդին բերման ենթարկվածների մեջ է, իր վրդովմունքը հետևյալ կերպ է արտահայտել. «Ստեղ կտրած ծառ չկա։ Թափոններ են։ Մարդիկ կիլոմետրերով քայլում են անտառում, գտնում են, հավաքում են ու ուզում են ծախեն, որ ձմռանը երեխեքը ուտելու բան ունենան։ Սահմանի վրա ապրող մարդիկ ենք։ Ավտոմատով մեր վրա կրակում են, գյուղում սով ա, սով… Դակումենտները բանի տեղ չեն դրել ու մեքենան բերել են ստեղ։ Եթե դակումենտը չի անցնում, օրինականություն էլ չկա, թող էդ դակումենտը չտային»։

Մեզ պատմեցին նաև, որ այդ «օպերացիայի» ընթացքում բռնություններ են գրանցվել վարորդների նկատմամբ, մասնավորապես՝ ոստիկաններից մեկը մահակով հարվածել է մի վարորդի, մի ոստիկան էլ մեկ այլ վարորդի գլխին ոտքով է հարվածել։

Երեկ զրուցեցինք այս վարորդներից մեկի կնոջ հետ, որը խնդրեց չնշել իր անունը։ Նա պատմեց, որ ամուսնուն «վնասազերծած» ոստիկանները կարմիրբերետավորներ էին, մեքենան կանգնեցրել էին՝ դուրս գալով տաքսի ավտոմեքենայի միջից։

«Սևանի տրասսայի վրա կսսնգնացրեցին։ Երևան էինք շարժվում, մեզ կանգնացրեցին։ Շատ կոպիտ էին։ Էն աստիճան կոպիտ, որ փաստաթղթեր էլ չուզեցին, չասեցին՝ տուր տեսնենք՝ ինչ եք տանում, ուր եք տանում։ Ահավոր ձևի կոպիտ էին։ Կարմիր բերետներով էին։ Մեքենան առան ու տարան»,- ասաց կինը և պատմեց, որ ոստիկաններն ամուսնուն սպառնացել են, որ եթե նա կատարվածի առնչությամբ դժգոհություն հայտնի, լուրջ խնդիրներ կունենա. «Ասեցին՝ եթե խոսաս, պրոբլեմներ կունենաս, գլուխդ մի խոթի էս գործի մեջ, ոչ ոքի բան մի ասա»։

Երեկ հեռախոսազրույց ունեցանք Դիլիջանի ոստիկանապետ Ս. Մարտիրոսյանի հետ։ Մեր հարցին, թե այս ինչ պատմություն է, նա պատասխանեց.

– Նախաձեռնությունը նախարարի հրամանով է։ Ամբողջ մարզում բնապահպանության վերաբերյալ է։ Այսօր եղել վերջացել է։ Մի քանի ժամ է տևել։ Հեռուստատեսությամբ, ինձ թվում ա, ցույց կտան։ Գնացեք Հրազդան ստադիոնի բաց տարածքը, կտեսնեք հավաքված մեքենաների քանակը։ Բոլոր մեքենաները կենտրոնացվել են այնտեղ։

– Պարոն Մարտիրոսյան, վարորդներն ահազանգում են, որ նրանց մեքենաները կանգնեցնելուց հետո ոստիկանները չեն էլ փորձել պարզել՝ նրանք ծառահատում իրականացնելու թույլտվություն ունե՞ն, թե՝ ոչ։

– Ոչ մի բան չկա։ Նորից եմ ասում։ Գնացեք՝ դուք տեսեք, թե քանի մեքենա է բերվել։ Բոլոր մեքենաներն առանց համապատասխան փաստաթղթերի են եղել։ Հիմնականում նույնիսկ ուշադրութ՛յուն չենք դարձրել նրանց, ովքեր գյուղ փայտ են տարել։ Մենք մեղմ ենք վերաբերվել։

– Դուք ուժերի խնդի՞ր ունեք։ Ինչո՞ւ են կարմիրբերետավորները կանգնեցրել մեքենաները, ինչու՞ դա չեն արել ձեր բաժնի ոստիկանները։

– Նման բան չկա։ Կենտրոնական ապարատի ոստիկաններն են, օգնելու տարբերակով են եկել։ Չէ, չէ, ի՞նչ կարմիրբերետավորներ։ Օպերատիվ ծառայություններ են, իրավասու են հանրապետության ցանկացած տարածքում միջոցառում իրականացնել։ Համազգեստով ոստիկաններ են, քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ համատեղ։ Ասեմ, որ հիմնական միջոցառումները տեղի են ունեցել ոչ թե Դիլիջանի տարածքում, այլ մարզի մյուս հատվածներում։ Դիլիջան ազգային պարկը փակ ա, վերահսկվում ա, ես պաշտոնապես ասում եմ։

Դիլիջան ազգային պարկում ոչ մի ծառահատում տեղի չի ունենում։

– Ձեր նշած գործողությունների ընթացքում ոստիկանները վարորդների նկատմամբ բռնություն են գործադրել։ Դա է՞լ է հրաման։

– Ֆանտաստիկայից բաներ եք ասում։ Չի կարա տենց բան լինի։

– Ինչպե՞ս եք բացառում։ Ներկա եղե՞լ եք այս օպերացիաներին։

– Որտեղ որ ես եղել եմ, համենայն դեպս՝ նման բան չի եղել։

– Բացառում ե՞ք, որ նման բան եղած լինի։

– Ես վստահում եմ մեր ոստիկաններին։

Ավելի ուշ այցելեցինք Հրազդան մարզադաշտին կից տարածք։ Այնտեղ իսկապես փայտով բեռնված հինգ տասնյակից ավելի բեռնատար ու կիսաբեռնատար մեքենաներ կային։ Դրանք հսկում էին ՃՈ ծառայողները, կարմիրբերետավոր և ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները։ Մեր այցի պահին այդ տարածքից քիչ հեռու խմբվել էին մեքենաների վարորդների հարազատները։ Նրանք մեզ հայտնեցին, որ վարորդների գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունեն, ընդամենը կարող են ենթադրել, որ ոստիկանությունում են։ «Ոստիկանները կանգնեցրել են, ձեռքից սաղ թղթերը վերցրել են, հեռախոսն էլ են վերցրել ու տարել։ Հիմա իրա հետ կապվելու տարբերակ չկա։ Հնարավոր չի»,– ասաց նրանցից մեկը։

«Ավտոն կանգնած ա եղել տան բակում, մեքենան բեռնված ա եղել։ Առավոտը պետք ա գնար տեղափոխելու թույլտվություն վերցներ, որ նստեր մեքենան ու գար Երևան։ Առավոտ շուտ արթնացել ա, տեսել ա՝ մեքենան չկա։ Գիշերը եկել տարել են»,– պատմեց մեկ այլ մեքենայի վարորդի ընկերը։

Հրազդան ստադիոնին կից տարածքում մեր գտնվելու ընթացքում ոստիկանները մի քանի բեռնատար մեքենա էլ բերեցին, ղեկին ոստիկաններ էին նստած, նրանց ուղեկցում էին ոստիկանության դիմակավոր ծառայողներ՝ ՔՀԳՎ աշխատակիցներ։

Երեկ երեկոյան ոստիկանությունից հետաքրքրվեցինք՝ վարորդներն ազա՞տ են արձակվել, թե՝ ոչ, և ինչ պատասխանատվության են ենթարկվել նրանք։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի պատասխանը սա էր. «Առաջիկայում ձեզ կիրազեկենք»։ Իսկ վարորդներից մեկի բարեկամն էլ ասաց. «Չգիտեմ, թե ով ինչ ա անում, բայց տեսնում եմ, որ մեզ լրիվ ձեռ են առնում։ Սենց բան անել չի կարելի»»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում