Արմեն Աշոտյանը կպայթի, բայց երբեք չի խառնվի կողմերի բանավեճին

Արմեն Աշոտյանը կպայթի, բայց երբեք չի խառնվի կողմերի բանավեճին

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդում վարելու փաստը քննադատած եվրոպացի փորձագետ Լորան Ռույի հայտարարությանը:

«Եթե ես էլ լինեի եվրոպացի փորձագետ, և որևէ այլ երկրում ինձ այդպիսի հարց տային, ես էլ կասեի նույն բանը: Այդ մարդուն ուղղորդված հարց տվեցին իրեն հաղորդած տեղեկատվության շրջանակում, և նա շատ ճիշտ պատասխանեց լրագրողի հարցին: Փորձագետների խնդիրն այն է, որ նման դեպքերում նրանք շատ են վստահում այն մարդկանց, ովքեր այդ պահին իրենց կողքին են: Իրականության մեջ դուք տեսաք, որ այդ հաղորդումը բացարձակապես կապ չունի սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի հետ: Իհարկե, նոնսենս է, որ քարոզչության համար ստեղծված հաղորդումը վարում է այդ քարոզչության բևեռներից մեկը: Բայց, մենք պետք է դուրս գանք սահմանադրական փոփոխությունների քարոզչության հարթությունից, որովհետև այդ հաղորդաշարը ավելի երկար կյանք է ունենալու, քան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմեն Աշոտյանը:

Նա նկատեց, որ այդ հաղորդումը իր բնույթով բազմաժանր է, թեմատիկ: «Ես վստահեցնում եմ բոլորին, որ անգամ այն հաղորդումները, որոնք նվիրվելու են քաղաքականությանը, հարցադրումների տեսանկյունից լինելու են անաչառ: Ես կպայթեմ նյարդայնությունից, բայց երբեք չեմ խառնվի կողմերի բանավեճին: Ես ունեմ իմ քաղաքական և քաղաքացիական հայացքները, բայց հաղորդավարի կերպարի մեջ դրանք երբևէ չեն անդրադառնալու»,- նշեց Աշոտյանը` հավելելով, որ Հայաստանի կրթությանը և մնացած այլ թեմաներին վերաբերող հաղորդումները նկարահանվել են ավելի շուտ, քան սահմանադրական փ ոփոխությունների հանրաքվեին վերաբերող հաղորդումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում