Գեղարքունիքում կարանտին է. Շարունակում են պայքարել սիբիրյան խոց հիվանդության դեմ
Նմանատիպ
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում և նրան հարակից մի քանի համայնքներում շարունակվում են այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսից նկատված սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի միջոցառումները: Իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, հաշվի է առնվում յուրաքանչյուր մանրուք, մինչև վերջ ուսումնասիրվում են անասունների անկման դեպքերը, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետը տեղեկացրել է, որ իրավիճակը գնում է դեպի կայունացում:
Անասնագլխաքանակի վերջին անկումը Ծովակում գրանցվել է հոկտեմբերի 31-ին, Վանևանում’ նոյեմբերի 3-ին: Անասունների մսեղիքն ուղարկվել է լաբորատոր ուսումնասիրության, և առայժմ հստակ ախտորոշման պատասխան չի ստացվել: Փաստորեն, Ծովակում վեցերորդ, իսկ Վանևանում երրորդ օրն է, ինչ վիճակը մնում է կայուն:
Հայտնաբերված կամ կասկածելի բոլոր օջախները կրկնակի վարակազերծված են, անասնագլխաքանակը’ կրկնակի պատվաստված, մսեղիքը’ հատուկ անասնագերեզմանոցում ոչնչացված: Կարանտինը հանելուց առաջ կարվի ևս մեկ եզրափակիչ վարակազերծում: Սիբիրախտ հիվանդության նախանշաններով Մարտունու բժշկական կենտրոնում հոսպիտալացված բոլոր 36 հիվանդները դուրս են գրվել հոկտեմբերի 27-ի դրությամբ, դրանից հետո մարդկանց հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Հոսպիտալացված հիվանդները հոկտեմբերի 30-ին կրկնակի բուժզննության են ենթարկվել, բոլորի մոտ առողջացում է դիտվել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետի տվյալով’ իրավիճակի կայունացումից 10-12 օր հետո կարանտինը կվերացվի:
Նշենք, որ նախօրեին սիբիրախտի դեպքեր են հայտնաբերվել Արմավիրւմ և Արագածոտնում, ինչպես նաև Տավուշում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում