500 երիտասարդներ մասնակցել են արյունատվության միջբուհական ակցիային
Նմանատիպ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այսօր պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատույց արյունատվության միջբուհական ակցիա, որին մասնակցում էին պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշել է, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն 10 տարի է՝ իրականացնում է անվարձահատույց արյունատվության ակցիաներ։
«Այս ակցիան երկու կարևորագույն նշանակություն ունի. նախ հետազոտվում է երիտասարդների արյունը, առողջական վիճակը, եթե կան խնդիրներ, դրանց մասին տեղեկանում ենք և համապատասխան ընթացակարգով իրականացնում ենք բուժական պրոցեսը։ Բացի այդ, նման անվարձահատույց ակցիայով կարողանում ենք օգտակար լինել մարդկանց, ովքեր արյան բաղադրամասերի կարիք ունեն»,- նշել է նա:
Հիմնադրամից տեղեկացնում են, եթե 10 տարի առաջ նման միջոցառումներին մասնակցում էր ընդամենը 20 երիտասարդ, ապա այսօր՝ 500, ինչը նշանակում է, որ հանրության վերաբերմունքը դոնորությանը, մարդասիրական մոտեցումներին դրականորեն փոխվում է։ Կարեն Ավագյանը տեղեկացրել է նաև, որ անվարձահատույց արյունատվությունը նվիրված է նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողների միջազգային տոնին, որի շրջանակներում իրականացվում են նաև մի շարք այլ միջոցառումներ։
Արյուն տալուց առաջ երիտասարդ դոնորները լրացրել են համապատասխան հարցաթերթիկը, բուժզննում անցան թերապևտի մոտ, որից հետո միայն թույլատրվել է նրանց կատարել արյունատվություն։ Ուսանողները նշում են, որ օգնելու պարտականությունը յուրաքանչյուրինս է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բազմիցս հանդես են եկել արյունատվության անվարձահատույց ակցիաներով՝ նպատակ ունենալով հասարակության, հատկապես երիտասարդության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Նշենք, որ տարեցտարի ոչ միայն ավելանում է արյուն տվող կամավոր երիտասարդների թիվը, այլև նման ակցիաները դառնում ավելի հաճախակի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում