Գլուխկոտրուկ Ռաֆայել Բենիտեսի համար

Նմանատիպ
Նոյեմբերի 21-ին կայանալիք «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպմանն ընդառաջ, իսպանական «Marca» պարբերականը փորձել է հասկանալ, թե մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ինչ մարտավարությամբ է խաղալու կատալոնացիների դեմ:
«Կարիմ Բենզեման, Գարեթ Բեյլը և Խամես Ռոդրիգեսը վերադարձել են ընդհանուր խումբ: Նրանք առանցքային ֆուտբոլիստներ են «Ռեալի» համար, իսկ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի համար` մեկնարկային կազմ ընտրելու հարցում գլխացավի առիթ: Առաջիկա Կլասիկոյում «Ռեալի» նպատակը հստակ է և հասկանալի` թիմը պետք է հաղթի, հավաքի 27 միավոր և վերադարձնի առաջատարի դիրքը: Պարտության դեպքում «Ռեալը» կատալոնացիներին կզիջի 6 միավորով, և դա ընդամենը 12 տուրից հետո:
Բացի այդ, «Բարսելոնայից» կրած պարտությունը «Ռեալում» «Սևիլյային» պարտվելուց հետո առաջացած թեթևակի քաոսը կվերածի մասշտաբայինի: Այնպես որ` զարմանալի ոչինչ չկա, որ միշտ յուրահատուկ համարվող Կլասիկոն, այս անգամ Բենիտեսի թիմի համար ճակատագրական նշանակություն ունի: Մեկնարկային կազմ ընտրելու հարցում մարզիչը սխալվելու իրավունք չունի:
Բենիտեսն այժմ առնվազն 5 տարբերակ ունի, իսկ վերջնական որոշումը կախված է նրանից, թե որ մարտավարությանը նախապատվություն կտրվի: Երկրպագուներին և լրագրողներին հուզող առաջին հարցը հարձակման գծի վերաբերյալ է. կխաղա՞ Կրիշտիանու-Բենզեմա-Բեյլ եռյակը, թե՞ մարզիչը կզոհաբերի նրանցից մեկին, ինչպես եղավ «Ատլետիկոյի» հետ խաղում:
Դաշտի կենտրոնի վերաբերյալ ևս հարցեր կան: Առաջին տարբերակը ենթադրում է Կազեմիրոյի ներկայությունը, իսկ Մոդրիչն ու Կրոսը եզրերով ավելի մոտ կլինեն մրցակցի դարպասին: Նրանք պետք է գնդակ մատակարարեն հարձակվողներին, ինչպես նաև մասնակցեն պաշտպանության խաղին: Դաշտի կենտրոնում նման դասավորությամբ «Ռեալը» խաղացել է «Ատլետիկոյի», «Սելտայի», «Պարի Սեն Ժերմենի», «Սևիլյայի» դեմ: Այս տարբերակը Բենիտեսը հաճախ է կիրառում:
Երկրորդ տարբերակի դեպքում, եթե Բենիտեսը միաժամանակ Կրիշտիանուին, Կարիմին և Գարեթին ընդգրկի մեկնարկային կազմում, կենտրոնում կխաղան Մոդրիչը, Կրոսը և Խամես Ռոդրիգեսը: Այս դեպքում Կրոսը կլինի կենտրոնում, որն այժմ զբաղեցնում է Կազեմիրոն: Այս մարտավարությամբ «Ռեալը» խաղացել է նախքան Խամեսի վնասվածքը` «Բետիսի» հետ (5:0), և կոլումբիացին ենթահարձակվողի դիրքում հիանալի է հանդես եկել:
Եվս մեկ տարբերակ, որը քիչ հավանական է` «Ռեալը» դաշտի կենտրոնում կխաղա առանց Կրոսի, կլինեն Մոդրիչը, Կազեմիրոն և Խամեսը: Բենիտեսի մտքերը կռահելը հեշտ չէ, և եթե հաշվի առնենք, որ այս մրցաշրջանում Կրոսը շատ սուր փոխանցումներ չի կատարում, Խամեսը մեկնարկային կազմում կարող է լինել հենց նրա, ոչ թե Կազեմիրոյի փոխարեն:
Ամեն դեպքում, Բենիտեսը գուցե «Բարսելոնայի» հետ խաղում ռիսկի չդիմի և չխաղա երեք հարձակվողով. հարձակման եռյակից որևէ մեկը կլինի ավելորդ, իսկ կիսապաշտպանությունն ավելի հագեցած դառնա: Նման մարտավարության դեպքում Կազեմիրոն կմնա կենտրոնում, Մոդրիչը և Կրոսը կլինեն նրա առջևում` եզրերին մոտ, իսկ Խամեսը կդառնա հարձակվողական ոճի կիսապաշտպան և գործողությունների մեծ ազատություն կստանա: Խամեսը նման պոտենցիալ ունի. ընթացիկ առաջնության 3 խաղում նա 3 գոլ է խփել:
Բենիտեսը հարձակման գծում երկու ֆուտբոլիստով խաղալու դեպքում այլ տարբերակ էլ ունի. Կազեմիրոն կմնա պահեստայինների թվում, իսկ մեկնարկային կազմում կլինի Իսկոն: Այս դեպքում Մոդրիչն ու Կրոսը կզբաղվեն կիսապաշտպանության հարցերով, իսկ Խամեսն ու Իսկոն ավելի շատ կմասնակցեն գրոհներին:
Կարճ ասած` Բենիտեսը մարտավարություն և «Բարսելոնային» հաղթելու տարբերակներ ընտրելու համար դեռ ժամանակ ու հնարավորություններ ունի»: