«168 ժամ». Արամ Կարապետյանը բացասաբար է վերաբերում խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկին
Նմանատիպ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «168 ժամի» հետ զրույցում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկին անդրադառնալով՝ ասաց, որ ինքը միշտ բացասական վերաբերմունք է ունեցել դրա նկատմամբ։ «Հայաստանը մի մարդու դեպքում, եթե նորմալ մարդ գտնենք, շատ դժվար է կառավարել։ Պատկերացնո՞ւմ եք՝ 4-5 կուսակցություն, կոալիցիոն կառավարություններ։ էս էլ մի բան չի, բայց այդ դեպքում Հայաստանից բան չի մնա։ Պատկերացնո՞ւմ եք պառլամենտական հանրապետության կառավարման ձևը։ Եթե ժամանակ կունենաք, 1918–20թթ. դաշնակցական կառավարության գրքերը կարդացեք, թե ինչպե՞ս էին կառավարությունները կազմվում, խեղճ վարչապետերն ինչպե՞ս էին տառապում դրանց ձեռքը։ Իմ կարծիքով՝ դա դեռևս անիմաստ խոսակցություն է։ Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պառլամենտական կառավարման ձևը, այն էլ ՝ հայկական մենթալիտետի այսօրվա պարագայում… պատկերացնո՞ւմ եք՝ դա ի՞նչ է։ Վերցրեք դրա պրակտիկ իրագործումը նայեք։ Հիմա են փորձում կոալիցիա կազմել, տեսեք՝ ինչ է տեղի ունենում…»,– ասաց Ա.Կարապետյանը։ Ըստ նրա, խորհրդարանական համակարգին անցնելը սխալ է մի քանի պատճառներով, քանի որ Հայաստանում չկա ներկուսակցական դեմոկրատիա, իսպառ բացակայում են ժողովրդավարական ինստիտուտները, ինչպես նաև այն, որ պառլամենտարիզմը ոչնչացված վիճակում է։
Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր ուժերը։ Այս հարցին ի պատասխան՝ Արամ Կարապետյանն ասաց. «Ոչինչ, ի՞նչ պետք է անեն։ Պետք է պատրաստվեն, տեսնեն, թե իշխանության վերարտադրման դեմն ինչպե՞ս կարելի է առնել, կարելի՞ է, թե՞ չի կարելի։ Այդ քննարկումները պետք է լինեն։ Երկրորդը՝ հիմա փոփոխություններ են լինում աշխարհով մեկ, այդ փոփոխությունը Հայաստան էլ է գալու, ինչպե՞ս ենք դրան դիմագրավելու։ Ավելի շատ դա է պետք քննարկել, քան պառլամենտարիզմ կամ ոչ պառլամենտարիզմ։ Ռուսաստանում Պաշտպանության նախարար է փոխվել, բոլորը կապեցին ամեն ինչի հետ, բայց չե՞ք տեսնում՝ո՞վ է եկել, եկել է մի մարդ, ով արտակարգ իրադրություններում է միշտ աշխատել. Շոյգուն։ Նշանակվել է ( գլխավոր շտաբի պետ (Վալերի Գերասիմով.– «168 ժամ»), ով պատերազմի դաշտով անցած մարդ է։ Այդ տեսակետից՝ աշխարհի մեծերը պատերազմի են պատրաստվում։ Կարծում եմ, ցավոք սրտի, մեր տարածաշրջանն ամենաշատն է այդ պատերազմի մեջ ներքաշվելու»։ Արամ Կարապետյանը նշեց, որ այս նոր իրավիճակը կարող է, օրինակ, բերել Իրանին հարված հասցնելուն, Սիրիայում պատերազմը կշարունակվի, Վրաստանը կարող է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ, Ադրբեջանը կարող է վերսկսել պատերազմը։ «Մեր տարածաշրջանն ամբողջությամբ ընդգրկված է աշխարհաքաղաքական այդ խաղի մեջ, և մեր դեմ գնալով ծառանալու են ֆինանսատնտեսական խնդիրներ. 52 անուն ապրանքի | ներկրում է փակել Իրանը դեպի Հայաստան, իրավիճակն այնտեղ գնալով վատթարանում է, Ռուսաստանում հացն է թանկացել, իսկ հացահատիկի ամենամեծ քանակությունը, որքան գիտեմ, Հայաստանը ներկրում է հենց Ռուսաստանից։ Մենք արտաքին ազդակներով ապրող երկիր ենք՝թե աշխարհաքաղաքական, թե տնտեսական առումով, իսկ մենք նստած քննարկում ենք՝ անցնենք պառլամենտարիզմի, չգիտեմ, վարչապետին էս անենք, էն անենք, հանենք։ Հանեք, ի՞նչ է եղել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում