ԵԽԽՎ-ի ընդունած հակահայկական զեկույցներն էական նշանակություն չեն կարող ունենալ. Վահրամ Բաղդասարյան

ԵԽԽՎ-ի ընդունած հակահայկական զեկույցներն էական նշանակություն չեն կարող ունենալ. Վահրամ Բաղդասարյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցը որևէ էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցին «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով: «Եթե ձեզ այդ հարցն այդքան մտահոգում է, ապա ես պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է Միսկի խմբի շրջանակներում և այս հարցում բոլոր հիմնավոր և վերջնական պատասխանները պետք է տա Մինսկի խումբը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Նա նկատեց, որ Ադրբեջանը ցանկանում է գտնել ԼՂ հակամարտության կարգավորման չարտոնված ձևաչափ, քանի որ զգում է, որ Մինսկի խմբի ձևաչափում ճմշարտությունն է պարզվում, և իրենք տանուլ են տալիս: Պատգամավորը սրանով է բացատրում այն հանգամանքը, որ ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում նման զեկույց են փորձում անցկացնել: «Բայց նրանց որևէ բան չի հաջողվելու, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է Մինսկի խմբի ձևաչափում, որն էլ հանգամանորեն կատարում է իր աշխատանքը»,- ընդգծեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ զեկույցի ըն դունումից հետո Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ անգամ փաստել են, որ ԼՂ հակամարտության կարգավորման մանդատ ունի միայն Մինսկի խումբը:

Նա նաև անդրադարձավ նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելիք ևս մեկ հակահայկական զեկույցի՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ: «Նախ պետք է ընդգծեմ, որ այդ հարցն ընդգրկված է վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովում, և խնդիրը քաղաքական չէ: Այդ զեկույցը սկսվել է նախապատրաստվել դեռևս 2013թ., և այդ ընթացքում հիմնական զեկուցողը որևէ անգամ տարածաշրջան չի այցելել և խնդրին չի ծանոթացել, ինչպես հարկն է: Ես հիշեցնեմ նաև, որ ժամանակին, երբ այդ հարցը բարձրացվում էր, ղարաբաղյան իշխանությունները առաջարկեցին ջրամբարն Ադրբեջանի հետ համատեղ օգտագործել, սակայն ադրբեջանական կողմը մերժեց այդ առաջարկը»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը չբացառեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի մարտավարության մեջ կարող են լինել փոփոխություններ: Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում փակ նիստ է անցկացվել՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել է նաև ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքի հետ կապված հարցեր: «Այնպես չէ, որ մենք այս հարցը մի կողմ ենք դրել և չենք քննարկում: Կարծում եմ, որ այս հարցում պետք չէ շտապողականություն դրսևորել: Ապագայում դուք կիմանաք մեր հետագա ռազմավարության և անելիքների մասին»,- հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ եթե ԵԽԽՎ-ն ի վերջո ընդունի այդ երկու հակահայկական բանաձևերը, դրանք չեն կարող էական ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Նրա խոսքով՝ դրանք ընդամենը կմնան որպես բանաձև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում