«Թռչկան» նախաձեռնությունն ահազանգում է Չիչխան գետի վիճակի մասին

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է Չիչխան գետի վիճակի մասին, որը մահանում է իր վրա կառուցվող ՀԷԿ-ի արդյունքում։ Times.am-ը ներկայացնում է նախաձեռնության տարածած հայտարարությունն աբողջությամբ.

«Այս տեսանյութն արված է Չիչխան գետի վրա գործող փոքր ՀԷԿ-ի ջրառի հատվածում’ Թռչկան ջրվեժից մոտ 1 կմ ներքև: Մենք մեկ անգամ ևս համոզվում ենք, թե ինչ աղետալի վիճակում են հայտնվում Հայաստանի գետերն ու նրանց շրջակա միջավայրը՝ մեծ թվով փոքր ՀԷԿ-երի ոչ ճիշտ կառուցման և շահագործման հետևանքով: Փոքր ՀԷԿ-երը, որպես կանոն, մեր հանրապետությունում կառուցվում են առանց բնապահպանական լուրջ փորձաքննության և տեղազննության անցկացման:

Պետական լիազոր մարմիններ ճանաչված ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը «շռայլորեն բաժանում է» լիցենզիաներ, իսկ «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ը փոքր ՀԷԿ-եր կառուցողներին տրամադրում է ձևական եզրակացություններ, որոնցում բնապահպանական, սոցիալ-տնտեսական չափորոշիչները հաշվի չեն առնված, իսկ դրանց մեծ մասը, որպես կանոն, նույնաբովանդակ են լինում:

Բայց փաստը մնում է փաստ, որ կոնկրետ այս փոքր ՀԷԿ-ի կառուցման և շահագործման արդյունքում, Չիչխան գետը համարյա ամբողջովին ջրազրկվել է և ցամաքելու եզրին է, ձկնուղի ընդհանրապես գոյություն չունի, էկոթողքը պահպանված չէ, շրջակա միջավայրը կամաց-կամաց ոչնչանում է, իսկ ոռոգման ջրի կորստի պարագայում մեծ վնաս է հասցվում գյուղատնտեսությանը, գյուղացիները զրկվում են ոռոգման ջրից: Այս փոքր ՀէԿ-ի շահագործման արդյունքում, անկասկած, խախտված և վտանգված է տվյալ հատվածի կենսաբազմազանությունը (նույն վիճակն է եղել նաև հունիս ամսին): Մենք համոզված ենք, որ նման տեսարանների կարող ենք ականատես լինել նաև Հայաստանի այլ վայրերում, որտեղ գետերի վրա արդեն իսկ կառուցված են փոքր ՀԷԿ-եր և շահագործվում են այս ձևով:

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի շահագործման ընթացքում պետական վերահսկողությանը, ապա պետք է նշենք, որ վերահսկողությունն ընդհանրապես բացակայում է: Որպես կանոն, պետական լիազոր և իրավապահ մարմինների արձագանքները կամ ընդհանրապես բացակայում են, կամ էլ կրում են բացարձակ իմիտացիոն բնույթ, և ակնառու են դառնում միայն, երբ մոտենում է նախընտրական շրջանը:

Եվ լրագրողները և բնապահպաններս բազմիցս ականատես ենք եղել և ահազանգել ենք պետական լիազոր մարմիններին այս և նմանատիպ խնդիրների մասին, սակայն որևէ կոնկրետ և ռեալ քայլեր չեն ձեռնարկվել նրանց կողմից խախտումները վերացնելու և փոքր ՀԷԿ-երի սեփականատերերին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման հիմնախնդիրների վերաբերյալ մեր վերջին դիմումին ի պատասխան ՀՀ Բնապահպանության նախարարությունը մասնավորապես հայտնել էր, որ դեռևս 09.11.2011թ. Երևանում մեկնարկել է ՀՀ-ում փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնահատել փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, աջակցել ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստմանն ու մշակել նմուշային ծրագիր: Ծրագիրը կշարունակվի մինչև 2014թ.:

Ահա այսպիսի ոչինչ չասող պատասխաններ կարելի է ասել, մենք ստանում ենք գրեթե բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ, սակայն մեր պահանջները այլ են եղել, որոնք արդեն հրապարակել ենք ԶԼՄ-ներով:

Առաջին հայացքից թվում է թե մեր կողմից բարձրացված հիմնախնդիրները պետք է լուծում ստանան միայն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, սակայն դա այդպես չէ. սույն հիմնախնդիրներն իրենց տրամաբանական և համալիր լուծումը պետք է ստանան ՀՀ կառավարության կողմից, ով գրեթե ձեռքերը լվացել և մի կողմ է քաշվել: Այս տեսարանի մեղքի ամենամեծ բաժինն ունի հենց ՀՀ կառավարությունը: Ինչպես հանրապետության այլ, այնպես էլ բնապահպանության ոլորտում, ամբողջովին տիրում է ամենաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը:

Փաստորեն կրկին բնապահպաններ են բացահայտում ապօրինություններն ու բնական ռեսուրսների բացահայտ թալանը, բայց այս տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները կրկին հանդես կգան հայտարարությամբ և մամուլի միջոցով կփորձեն համոզել, թե իրենք ինչ բարձրակարգ վերահսկողություն են իրականացնում, ինչպես դա արեցին Խոսրովի անտառ պետական արգելոցում կատարված որսագողության դեպքի բացահայտելուց հետո… նույնիսկ այդ դեպքը դաս չեղավ ՀՀ բնապհպանության նախարարությանը, որպեսզի պատշաճ իրականացնի իր գործառույթներն ու լիազորությունները:

Հուսով ենք, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու պաշտոնատար անձինք’ մամուլի խոսնակները, իրենց ղեկավարներին կփոխանցեն այս հայտարարության տեքստն ու տեսանյութը’ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու համար»:

Նախաձեռնությունը տարածել է նաև տեսանյութ, որը կարող եք դիտել այստեղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում