Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ, փոխանցում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ դարերի պատմություն ունեցող հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը Հայաստանի անկախությունից ի վեր վերաճել է երկու պետությունների փոխշահավետ սերտ գործընկերության և քաղաքական ակտիվ երկխոսությամբ առանձնացող բարձր մակարդակի հարաբերությունների: Այդ հարաբերություններում, Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի համոզմամբ, կարևոր և մեծ դերակատարություն ունեն բացառիկ ջերմ միջխորհրդարանական կապերն ու արդյունավետ համագործակցությունը: Հատկապես ընդգծվել է «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը:
Զրուցակիցները երկու երկրների համագործակցության կարևոր բաղադրիչ են համարել Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցությունն ու ուրախությամբ արձանագրել այդ ոլորտում ձեռք բերված առաջընթացը: Նրանք նշել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի 60-ից ավելի քույր քաղաքների և շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
ՀՀ նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահը կարևորել են նաև միջազգային հարթակներում երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին, այդ թվում Սենատին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման համար:
Փարիզում ավարտելով պաշտոնական հանդիպումները՝ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ:
Լիոնում այսօր երեկոյան նախատեսված է նաև Նախագահի հանդիպումը Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում