«Հրապարակ». «Նաիրիտ» ՓԲԸ-ի կառավարումը «Իտեռային» հանձնելու հետ կապված՝ ինչ-որ նախնական փաստաթուղթ է ստորագրվել
Նմանատիպ
Անցյալ շաբաթվա վերջին Երևան է այցելել ռուսական նավթագազային «Իտեռա» ընկերության փոխնախագահ, ՀՀ էներգետիկայի նախկին նախարար, նախկին պետնախարար, 2008-ից ՀՀ վարչապետի խորհրդական, ծնունդով եղեգնաձորցի Գագիկ Մարտիրոսյանը, որն «Իտեռայում» ընկերության զարգացման ծրագրերն է համակարգում։
Թերթի տեղեկություններով, դա տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։ Գագիկ Մարտիրոսյանը հանդիպել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ, գուցե նաև՝ վարչապետի։ Տեղեկություններ կան, որ «Նաիրիտ» ՓԲԸ-ի կառավարումը «Իտեռային» հանձնելու հետ կապված՝ ինչ-որ նախնական փաստաթուղթ է ստորագրվել։ Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը երեկ հրաժարվեց մեկնաբանություններ տալ այս հարցի շուրջ՝ պատճառաբանելով, որ պետք է դիմել էներգետիկայի նախարարություն, քանի որ այս բոլոր հարցերով էներգետիկայի նախարարն է զբաղվում։
Էներգետիկայի նախարարությունից էլ խոստացան, որ հարցի շուրջ պարզաբանումներ կներկայացնեն այսօր։ Վարչապետի խոսնակը չհերքեց և չհաստատեց «Իտեռայի» փոխնախագահի այցի փաստը՝ հայտնելով, որ պաշտոնական հանդիպումներ Գագիկ Մարտիրոսյանի հետ չեն եղել։ Այսպիսով, կարելի է փաստել, որ ՀՀ կառավարության և «Իտեռայի» միջև գործարքի ստորագրումը չի ուշանալու։ Հայկական կողմը պետք է որ շահագրգռված լինի հարցի արագ լուծմամբ, քանի որ հենց այս բանակցությունների ընթացքից է կախված նաև ՀՀ և ՌԴ միջև գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ քննարկումների արդյունքը։ Բանն այն է, որ, մասնագետների գնահատմամբ, «Նաիրիտի» արտադրանքի ինքնարժեքի 72 տոկոսն էներգակիրներն են կազմում. 40 տոկոսը գազի գինն է, իսկ 32-ը հոսանքինն ու գոլորշունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում