Սահմանադրական փոփոխությունները ՀՀԿ-ին իշխանությունից զրկելու համար չէ, նման բան չկա. Շարմազանով (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունները ՀՀԿ-ին իշխանությունից զրկելու համար չէ, նման բան չկա. Շարմազանով (տեսանյութ)

ՀՀԿ-ին դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ ամեն գնով այո պետք չէ, ըստ այդմ` «այո»-ի քարոզչությունն էլ կյանքի և մահվան հարց չէ, արվելու է ամեն ինչ, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լինի  որակյալ, արդար և թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պնդելով, որ ՀՀ վարչապետի կողմից «այո»-ի շտաբի ղեկավարման մեջ ոչ մի անօրինական բան չկա. քարոզչական աշխատանքներին  նա մասնակցում է աշխատանքային ժամերից հետո:

Հակադարձմանը, թե ընդդիմությունն արդեն իսկ սկսել է բարձրաձայնել բազմաթիվ խախտումների ու  հանձնաժողովի անդամների վրա ճնշումների մասին, Շարմազանովը նկատեց, որ նման դեպքերի մասին բարձրաձայնում է ոչ թե ընդդիմությունը, այլ ընդդիմության մարգինալացված հատվածն ի դեմս ՀԱԿ-ի, իսկ խորհրդարանական ընդդիմության մեծ մասը փոփոխություններին այո է ասել, ինչի մասին է վկայում Ազգային ժողովում կայացած քվեարկությունը:

«Մենք մեղավոր չենք, որ որոշ քաղաքական ուժեր չունեն այնքան վստահված անձինք, որ ընտրատեղամասերում իրենց տեղերն ապահովեն և վերահսկեն ընտրական գործընթացը: Եթե այդ կուսակցությունները չեն կարողանում 100-ից ավել տեղամասերում իրենց տեղերն ապահովել, վաղն ինչպե՞ս են իրենց հետևից ժողովրդին տանելու: Չի կարելի մարդկանց նայել որպես պոտենցիալ վաճառվողի»,- նկատեց ԱԺ փոխնախագահը` իշխանություններին քննադատող քաղաքական ուժերին կոչ անելով  ոչ թե «նստել թախտին ու սպասել բախտին», այլ գնալ և գործ անել, իրականացնել պատշաճ վերահսկողություն: 

Հանրապետական գործիչը պնդեց, որ իշխանությունների այս նախաձեռնությունում ոչ մի շտապողականություն չկա, ինչ վերաբերում է հարցին, թե ինչ երաշխիք, որ ՀՀԿ-ն չի լինելու այդ կայուն և անփոփոխ մեծամասնությունը, Շարմազանովն արձագանքեց. «Ով ասեց, որ ՀՀԿ-ն չի  լինելու կամ չի ուզում լինել, էդ ով է որոշել, որոշողը ՀՀ քաղաքացին է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ սահմանադրական փոփոխությունները նրա համար են, որ ՀՀԿ-ին զրկեն իշխանությունից, ժողովուրդ, նման բան չկա: Ցանկացած քաղաքական ուժ կամ գործիչ, որ գնում է ընտրությունների և ասում է, թե չի ուզում հաղթել, դա նորմալ և բարոյական չէ: Ի դեպ, Հանրապետական կուսակցությունն ի տարբերություն շատերի, իր աչքի գերանը տեսնում է և դա է պատճառը, որ ուզում ենք վերափոխել մեր կառավարման համակարգը»: 

ԱԺ փոխխոսնակի`  Հայաստանին անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն` անցնցում կառավարում և իշխանափոխություն, արդյունավետ կառավարման համակարգ և անվտանգության բարձր մակարդակ, իսկ երկրորդ փուլը պարտադրանքի ուժով չէ:

Շարմազանովն այն կարծիքին է, թե  ժամանակն է ՀՀ-ում զարգացնել պառլամենտարիզմը, և թե ժողովուրդն ինքն էլ է ուրախ, որ այսուհետ նախագահական ընտրություն չի լինելու, որովհետև հասարակությունն այդ ժամանակահատվածում  բաժանվում է «սևերի» և «սպիտակների». «Ասում են` հարևանիս հետ դուշման էի դառել` Սերժի կողմից ես, թե Լևոնի, Նախագահի կողմից ես, թե Րաֆֆի, թե Ծառուկյանի: Սա գալիս է նրանից, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը` ոչինչ»:

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում